«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը հետ չի կանչվի. Շարմազանով


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը հետ չի կանչվի. Շարմազանով
Նոյեմբեր 17 12:24 2017

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ մի քանի օր շարունակ դասադուլ հայտարարած ուսանողների հետ կլոր սեղան-քննարկումներ կազմակերպելու հարցին:

«Մենք քննարկել ենք ուսանողների հետ և թե ես, թե ԱԺ նախագահ պարոն Արա Բաբլոյանն ընդունել ենք ուսանողների առաջարկությունը և հայտարարել ենք, որ պատրաստ ենք անցկացնել խորհրդարանական լսումներ հենց ԱԺ դահլիճում»,- ասաց նա, հավելելով,  որ այս պայմանավորվածությունն ուժի մեջ է:

«ՀՀ Աժ-ն պատրաստ է կազմակերպել բուհական և ետբուհական կրթական հիմնախնդիրների հետ կապված, մասնավորապես, տարկետման իրավունքի հետ կապված այդ լսումները: Կհրավիրվեն շահագրգիռ բոլոր կողմերը»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով լսումների աշխատանքային կարգն ընդհանուր առմամբ մշակված է, բայց դեռ մեկ, երկու հանդիպում կունենան ուսանող գործընկերների հետ: Սակայն նա նշեց, որ զուտ տեխնիկական հարցեր են մնացել և արդեն ամսի 22-ին կսկսվեն մեր լսումները:

«Դա, իմ սուբյեկտիվ կարծիքով, կլինի կլոր սեղանների և քննարկումների սկիզբը, եթե դրանից հետո էլի կարիք կլինի նոր կլոր սեղաններ կազմակերպել և քննարկումները շարունակե,լ մենք պատրաստ կլինենք շարոււնակել դրանք. կապահովվենք թե մեր կառավարության գործընկերների, թե պռոֆեսորադասախոսական անձնակազմի, թե ռեկտորների և թե ուսանողների տարբեր շրջանների մասնակցությունը»,- ընդգծեց նա:

Ըստ նրա` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը հետ չի կանչվի, սակայն կլինեն կառավարության մոտ 70 որոշում և 250 ենթաօրենսդրական ակտեր, որոնք կարող են մշակվել ուսանողնորի հետ միասին։

«Մի օրում, մի զարկով խնդիրները չեն լուծվի»,- նկատեց Է. Շարմազանովը։

Նա նշեց, որ պարզ է, որ մեկ օրում բոլոր խնդիրները չեն լուծվի:

«Ուսանողների խնդրանանք է եղել իրենց ձայնը լսելի դարձնել, և մենք ամենամեծ, արևորագույն և բաց հարթակը տալիս ենք բոլորին որպեսզի բոլոր կողմերն իրենց գաղափարական կարծիքն արտահայտեն»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակը հայտնեց, որ իր առաջարկությամբ այդ լսումները լինելու են օնլայն ռեժիմով:

«Ինչպես ԱԺ նիստերն են ուղիղ հեռարձակվում ԱԺ կայքում, այդպես էլ այդ լսումները կլինեն»,- հայտարարեց նա: