Քաղաքով պտտվես՝ աղքատ հայի չես գտնի․ Սալոնիկիի հայկական համայնքը՝ ներսից


Քաղաքով պտտվես՝ աղքատ հայի չես գտնի․ Սալոնիկիի հայկական համայնքը՝ ներսից
Նոյեմբեր 16 15:31 2017

Հունաստանի մշակութային մայրաքաղաքի՝ Սալոնիկի Թիալեթթի 4 հասեցում գտնվող հայկական եկեղեցին, միավորում է Հունաստանի երկրորդ՝ ամենամեծ նավահանգստային քաղաքում ապրող հայությանը։


Այստեղ հայկական համայնքը ձևավորվել է դեռ նախորդ դարի 20-ականներին, շարունակում է համալրվել մինչ օրս։ Այսօր համաձայն Սալոնիկի քաղաքապետարանի տվյալների այստեղ ապրում է մոտ 12 հազար հայ։
Այդ հայերից մեկը՝ Դերեյան Նազարեթը, ում հանգստյան օրերին կարողացանք հանդիպել եկեղեցու ընդունարանում Armday.am-ին պատմեց երկու ժողովուրդների փոխհարաբերությունների նրբությունների մասին։

Հունական և հայկական դրոշները, ինչպես և լեզուները՝ հունարեն և արևմտահայերեն Սալոնիկիում կողք կողքի են ապրում։ Հայերն այստեղ իրենց զգում են ինչպես տանը՝ միևնույն ժամանակ կարողանալով իրական տան տիրոջ՝ հույների մոտ վաստակել բարի համբավ։


«Հունական կողմի հետ մեր հարաբերությունները շատ լավ են։ Հայերի պատիվն այստեղ շատ բարձր է. բոլորը զգում են, որ վստահելի մարդիկ ենք»,-ընդգծում է Նազարեթ Դերեյանը։
Սալոնիկի քաղաքային իշխանությունում հայերը պաշտոններ չեն զբաղեցնում, փոխարենը՝ գործունեություն են իրականացնում բիզնես ոլորտում։
«Հայերն այստեղ զբաղվում են հիմնականում սուրճի գործով, հագուստի առևտրականներ էլ կան, կան նաև ոսկերիչներ, բժիշկներ։ Կրթական ոլորտում ևս շատ հայերի կարելի է հանդիպել։ Մեր՝ հայերիս սոցիալական վիճակը բավականին լավ է։ Միջին և բարձր խավի ներկայացուցիչներ են հայերը։ Ավելին մի ժամանակ անգամ ասում էին, քաղաքով պտտվես՝ աղքատ հայի չես գտնի»,-պատմում է Դերեյանը՝ նշելով, որ սա չի վերաբերում Սալոնիկի վերջերս տեղափոխված հայերին։


«Նոր տեղափոխված հայերի համար ամենակարևոր խնդիրներից է առողջապահությունը։ Այստեղ Հայաստանի նման չէ, բոլորն ապահովագրություն ունեն և որևէ հիվանդության դեպքում կարող են օգտվել անվճար բուժօգնությունից։ Նոր տեղափոխվածներից շատերն ապահովագրություն չունեն, իսկ բժշկությունն այստեղ շատ թանկ է»,-նշում է Նազարեթ Դերեյանը։
Սփյուռքի նախարարության հետ հարաբերություններում Սալոնիկիում ապրող հայերը «ձեռնպահ» են։ Նրանք փորձում են համայնքի կարիքները սեփական ուժերով հոգալ, թեև եկեղեցուն կից գործող հայկական դպրոցին՝ Սփյուռքի նախարարությունը դասագրքեր և գրենական այլ պիտույքներ շատ է տրամադրում։
«Հատկապես կրթության հետ կապված աջակցություն կա։ Դպրոցների համար գրքեր են ուղարկում։ Սփյուռքի նախարարությունը ոչ թե շատ չի օգնում, այլ մեզանից իրենց շատ պահանջներ չկա»,- ասում է պրն Դերեյանը։


Մշակութային հարուստ պատմություն ունեցող Սալոնիկիում հայերը շարունակում են պահպանել իրենց ավանդույթները։ Հունական դպրոցին զուգահեռ՝ հայկական կիրակնօրյա դպրոցները պարտադիր են երեխաների համար։ Սակայն, նույնը չի կարելի ասել ամուսնությունների մասին։ Հայերն այստեղ մի ցանկություն ունեն, որը, սակայն, քաղաքային կյանքի ժամանակակից միտումների հետ համահունչ չի քայլում։ Խառնամուսնությունները շատացել են՝ հայը հայի ամուսնությունը այստեղ այսուհետ քիչ է հանդիպում։
«Ժամանակակից կյանքի ընթացքն է այդպիսին, բայց պետք է ասեմ, այստեղ ամեն ընտանիք փափագում է, որ հայը հայի հետ ամուսնանա»,- եզրափակում է մեր զրույցը Նազարեթ Դերեյանը։

Զրույցը՝ Ալինա Նահապետյանի/Armday.am

Լուսանկարները՝ Յանի Անդրեակոսի