Աշխատավարձի և թոշակի բարձրացումը մեկ տարվա խնդիր չի լուծում․ նախարար


Աշխատավարձի և թոշակի բարձրացումը մեկ տարվա խնդիր չի լուծում․ նախարար
Նոյեմբեր 16 12:57 2017

«Այսօր արդեն իսկ սպառման աճ ենք արձանագրել, որը փաստում է՝ կարծես թե ճիշտ ուղղության վրա ենք։ Սպառումը բնութագրում է, թե ինչպիսին է մարդկանց կենսամակարդակը։ Մարդը սկսում է ավելի շատ սպառել, եթե տվյալ պահին իր մոտ կա եկամուտների աճ և եթե ունի ակնկալիք, դրական սպասումներ ապագայի նկատմամբ», – այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Վերջինս նկատեց, որ պետք է կրճատել հանրային հատվածում այն աշխատատեղերը, որոնք անարդյունավետ սնվում են բյուջեից։

Նա հավելեց, որ աշխատավարձի և թոշակի բարձրացումը մեկ տարվա խնդիր չի լուծում։ «Մենք պետք է ազնիվ լինենք և ասենք, որ այդ բարձրացումներով մեկ տարվա խնդիր չենք լուծում։ Այս հարցը, մենք պետք է հեռանկարում դիտարկենք, որովհետև ոչ միայն հաջորդ տարում, այլ այն մյուս տարում էլ պիտի այդ գումարը վճարենք, հետո տեսնենք, եթե տնտեսական վիճակը նորմալ է, նորից բարձրացնենք», – նշեց նախարարը։ Դիտարկմանը, թե ինչու նվազագույն աշխատավարձերը չեն բարձրանում և գուցե այս ֆոնին ճիշտ կլիներ պաշտոնյաների աշխատավարձերը կրճատել, Արամյանը նշեց. «Դուք մոռանում եք, որ նվազագույն աշխատավարձը 2012 թվականի համեմատ մենք բարձրացրել ենք շուրջ 70 տոկոսով»։