ՀՀԿ-ին՝ 30 միլիոն, «Ծառուկյան» դաշինքին՝ 17, «Ելք»-ին և ՀՅԴ-ին 4 միլիոն, ՀՎԿ-ին՝ 2 մլն դրամ գումար. կառավարությունը հաստատեց նախագիծը


ՀՀԿ-ին՝ 30 միլիոն, «Ծառուկյան» դաշինքին՝ 17, «Ելք»-ին և ՀՅԴ-ին 4 միլիոն, ՀՎԿ-ին՝ 2 մլն  դրամ գումար. կառավարությունը հաստատեց նախագիծը
Նոյեմբեր 16 12:11 2017

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի, ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց կտա։

Ըստ նախագծի՝ կառավարության նման որոշումը պայմանավորված է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու նպատակով ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով ՀՀ ֆինանսների նախարարության մասով նախատեսված միջոցների II կիսամյակի գումարների ըստ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների բաշխման ապահովմամբ:

Նախագծում նշված է, որ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրի գծով ճշտված գումարը կազմում է 100.9 մլն դրամ, որի դիմաց ս/թ հոկտեմբերի 24-ի դրությամբ ֆինանսավորումը կազմում է 42.1 մլն դրամ՝ ըստ 2012 թվականի Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգով 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ֆինանսավորման:

Նշված ծրագրի գծով II կիսամյակի չբաշխված մնացորդը կազմում է 58.8 մլն դրամ:

Այդ գումարից Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կտրվի 30 միլիոն դրամ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին՝ 17 միլիոն, «Ելք» կուսակցությունների դաշինքին՝ 4 միլիոն, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը՝ 4 միլիոն դրամ։

Ի դեպ, աջակցություն կստանա նաև խորհրդարան չանցած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 2 միլիոն դրամ։



loading...