Առանց ծնողի չի կարելի երեխային վերցնել ընտանիքից. փոփոխություն Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքում


Առանց ծնողի չի կարելի երեխային վերցնել ընտանիքից. փոփոխություն Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքում
Նոյեմբեր 16 12:05 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստին ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:

«Օրենքի ընդունման նպատակը երկուսն են՝ մեկը կանխարգելել, երկրորդը՝ պաշտպանել: Հիմա քննարկումների փուլում արդեն երրորդ նպատակը ավելացավ՝ համերաշխության վերականգնման նպատակը», - ասաց Հարությունյանը: 

Նախարարը ներկայացրեց, որ, ընդհանուր առմամբ, փաթեթով նախատեսում են բռնությունից տուժած անձանց պաշտպանության երեք հիմանական միջոցներ՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն և պաշտպանական որոշում:

Նա նշեց, թե  նախատեսվում է բռնության գործած անձի նկատմամբ մի շարք սահմանափակումներ՝ պաշտպանել որոշակի հեռավորություն տուժողից, չմտնել կոնտակտի մեջ, չկրել, չպահել զենք, անցնել բուժման կուրս՝ օրինակ ալկոհոլամոլությունից: Նախարարի խոսքով՝ պաշտպանական մեխանիզմները ևս սահմանափակումներ են ենթադրում, և խախտումների համար նախատեսված են քրեական և վարչական պատասխանատվության միջոցներ:

«Անհետաձգելի միջամտության պարագայում տուժողի կամքը պարտադիր չէ, քանի որ շատ հաճախ տուժողները բողոքելու դեպքում կրկնակի ենթարկվում են բռնության», - ասաց նախարարը՝ նշելով, որ պաշտպանական որոշումը միայն տուժողի կամքից է կախված:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախատեսվում է երկու այլ ինստիտուտի ստեղծում, մեկը՝ սոցիալական աջակցության կենտրոնները տրանսֆորմացիայի պետք է ենթարկվեն, և երկրորդ՝ ապաստարաններն են:

«Թեև թյուր կարծիք կա և կա նման հակընդդեմ շարժում, որով փորձում են օրենքում գոյություն չունեցող կարգավորումները ներկայացնել որպես օրենքի կարևորագույն թերություն: Պետք է մեկ անգամ հայտարարեմ, որ փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ սահմանափակման որևէ նոր հիմք և նոր հիմք չի պարունակում, որը կարող է խարխլել ընտանեկան աժեքները», - ասաց նա:

Հարությունյանն ասաց, որ օրենքի նախագիծը բազմիցս քննարկել են և մի շարք լուրջ կարևոր փոփոխություններ, մտահոգիչ հարցեր են ամրագրվել: Նա վստահեցրեց, որ առանց ծնողի չի կարելի երեխային վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան:

«Դա կոշտ ամրագրել ենք, որ արդարացնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին», - ասաց Դ. Հարությունյանը: