Անչափահասներին ծխախոտ եւ ալկոհոլ չի վաճառվի, գիշերային ակումբ մուտքն էլ կարգելվի. Կարապետյանի հանձնարարականը


Անչափահասներին ծխախոտ եւ ալկոհոլ չի վաճառվի, գիշերային ակումբ մուտքն էլ կարգելվի. Կարապետյանի հանձնարարականը
Նոյեմբեր 16 11:25 2017

ՀՀ Կառավարության այսօրվա  նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հերթական հանձնարարականներով: Գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում էր անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու եւ գիշերային ակումբներ հաճախելու դեպքերին: «Իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում նարգիլեյի համար, ալկոհոլային խմիչքներ եւ այլ արտադրանքներ վաճառելու, 18 տարին չլրացած անձանց գիշերային ակումբներ եւ զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերը կանխարգելելու հանգամանքները անբավարար են, իսկ որոշ դեպքերում՝ չկանոնակարգված»,- նշեց Կարապետյանը:

Ըստ նրա՝ ներկայումս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները եւս բավարար չեն: «Ավելին, նման դեպքերը ուսումնասիրելու հստակ լիազոր պետական մարմին նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են մի քանի մարմիններ եւ հստակեցված չեն գործառույթները»,- նկատեց Կարապետյանը: 

Ելնելով վերոգրյալից Կարեն Կարապետյանը Արդարադատության, Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Առողջապահության, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետին հանձնարարեց երկու ամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտ վաճառելու տեսակներ, ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաեւ գիշերային ակումբներ մուտք գործելու դեպքերի հետ կապված պատասխանատվության միջոցների խստացման կանոնակարգման, ինչպես նաեւ լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղղված առաջարկությունները ներկայացնել կառավարության աշխատակազմ: