Ձեր դուխը չի հերիքո՞ւմ մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ. Զոհրաբյանը՝ Արամյանին


Ձեր դուխը չի հերիքո՞ւմ մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ. Զոհրաբյանը՝ Արամյանին
Նոյեմբեր 15 08:32 2017

ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում է, թե ինչու են իշխանությունները մենաշնորհներն ուսումնասիրելու փոխարեն փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներին «նեղություն տալիս»:

«Պարոն Արամյան, Ձեր խոսքում նշեցիք, որ պետք է ապահովել տնտեսական աճ՝ ի հաշիվ ադեկվատ հարկային հավաքագրումների, ՓՄՁ-ների նկատմամբ արվածը ադեկվատ հարկային վարչարարությո՞ւն է, չեք կարծո՞ւմ, որ պետք է սկսեք այնտեղից, որտեղ կա խնդիր: Իմ գործընկերը նշեց՝ 20 հազար ապրանքատեսակ ներկրում է 7 անձ, ինչո՞ւ է Ձեր ադեկվատ վարչարարությունը բռնել ՓՄՁ-ների նկատմամբ, որոնք օրվա հաց են վաստակում, Ձեր դուխը չի հերիքո՞ւմ մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:

Ֆինանսների նախարարը նշեց, որ խաղի կանոնները բոլորի համար նույնատիպ պետք է լինեն. «Դուխներս հերիքում է: Ես ազդակ չեմ ստացել, որ փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ ոտնձգություն է կատարվում»:

Վարդան Արամյանի այս հայտարարությունը զարմացրեց Նաիրա Զոհրաբյանին. «Ո՞նց ազդակ չեք ստացել, հազարավոր մարդիկ գալիս են Ազգային ժողովի ֆոնին նկարվելո՞ւ եւ գնալո՞ւ, նրանք գալիս են իրենց դժգոհությունները հայտնելու»: