Հայ մարզիկի հետագա բուժումը կշարունակվի Երևանում


Հայ մարզիկի հետագա բուժումը կշարունակվի Երևանում
Նոյեմբեր 6 15:10 2017

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մեր հավաքականի անդամ, մարտական սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կոլյա Կարապետյանը, ով
այս տարվա մայիսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Սամբոյի Եվրոպայի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ, այնուհետև կտրուկ վատանալով տեղափոխվել հիվանդանոց և շուրջ վեց ամիս բուժում ստացել Մինսկի քաղաքային շտապ օգնության հիվանդանոցում, վերջապես տեղափոխվել է Երևան: Ըստ բժիշկների, մարզիկի մոտ արձանագրվել էր գլխի շրջանում արյան զեղում, ինչը ստացած հարվածների հետևանք էր:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր անձանց, կազմակերպություններին, պետական գերատեսչություններին, ովքեր այս ողջ ժամանակահատվածում իրենց աջակցությունն են ցուցաբերել մեր մարզիկի կյանքը փրկելու, թանկարժեք բուժման խնդիրները հոգալու, հարազատներին հոգեբանորեն սատար կանգնելու համար, մասնավորաբար՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ ոստիկանությանը /Կոլյան կրտսեր օպեր լիազոր է/, ՀՀ առողջապահության նախարարությանը, Բելոռուսում ՀՀ դեսպանատանը, հայ համայնքին, Մինսկի քաղաքային շտապ օգնության,, հիվանդանոցին, Բելոռուսի սպորտի և տուրիզմի նախարարությանը:
Ներկայումս Կոլյա Կարապետյանը գտնվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում: Հաշվի առնելով մեր բուժաշխատողների բարձր պրոֆեսիոնալիզմը, հուսով ենք, որ Կոլյան կկարողանա հաղթահարել հիվանդությունն ու վերադառնալ բնականոն կյանքի, նաև համոզված, որ այսուհետև նույնպես մարզիկն ու նրա ընտանիքը կլինեն բոլորիս ուշադրության կենտրոնում:


Հայաստանի սամբոյի ֆեդերացիա