Մեր երկխոսությունը մնաց անավարտ. Հրանտ Թոխատյանն` Ալեքսանդր Գրիգորյանի մասին


Մեր երկխոսությունը մնաց անավարտ. Հրանտ Թոխատյանն` Ալեքսանդր Գրիգորյանի մասին
Նոյեմբեր 4 08:11 2017

ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահով հայ մշակույթը եւս մի գույն կորցրեց, բայց մեծն վարպետի տեղը մշտապես լուսավոր է մնալու, թատրոնը միշտ էլ «կունանա» Ա. Գրիգորյանին, իսկ նրա թողած վաստակն այսուհետ ուսուցանող է լինելու գալիք սերունդների համար:
Life.panorama.am-ի հետ խոսելիս` ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը հիշեց ընկերոջը, վերջին հանդիպումն ու Ա. Գրիգորյանի մահից երկու շաբաթ առաջ ունեցած զրույցը:

«Այնքան բան մնաց, որ մենք իրար չասացինք, մեր երկխոսությունը մնաց անավարտ, իսկ ասելու, նաեւ սովորելու շատ բան կար: Բացի մեծ արվեստագետից, ռեժիսորից ու ուսուցչից, մենք մարդ տեսակ ենք կորցրել, որովհետեւ Ա. Գրիգորյանը 50-ից ավելի տարիներ ղեկավարելով թատրոնը` մնաց միշտ արդիական: Գիտեք, փորձը ցույց է տալիս, որ մարդիկ, այդքան երկար աշխատելով, սկսում են այսպես ասած «հնանանալ», այլ կերպ մտածել, հետ մնալ, բայց Ալեքսանդր Գրիգորյանն անընդհատ քայլում էր առաջ: Նա ապրում էր այսօրվա երիտասարդով, այսօրվա թատրոնով, անդադար պրպտումների մեջ էր: Նա միշտ ասում էր`
«Ես անընդհատ պետք է սովորեմ», իսկ իր ունեցածը հանձնում էր երիտասարդներին թե ինստիտուտում դասավանդելիս, թե թատրոնում: Նրա մահը շատ ցավալի ու շատ մեծ կորուստ է բոլորիս համար»,- նշեց Հրանտ Թոխատյանը:
Վերջինս նկատեց, որ Ա. Գրիգորյանի հետ հանդիպել են գրեթե երկու շաբաթ առաջ, սովորականի նման նստել ու զրուցել են ապագա ծրագրերից:

«Երկու շաբաթ կամ մի փոքր ավելի էր, կարոտ կար, զանգեցի նրան, բայց կարիք կար ոչ միայն հեռախոսով խոսելու, այլեւ հանդիպելու: Արմեն Համբարձումյանի հետ գնացինք իրենց տուն: Գիտեք, Ա. Գրիգորյանին դժվար էր պատկերացնել ոչ վազվզելուց, տանը նստած. Նա շատ արագ էր քայլում, իսկ վերջին տեսնելուցս նա լավ չէր: Այդ օրը մենք ինչպես միշտ խոսեցինք թատրոնից, մեր ապագա ծրագրերից, մտածում էինք, թե ինչ կարելի է անել, որպեսզի թեթեւացնենք այն դժվարությունները, որոնց հանդիպում է այսօրվա թատրոնը, ինչ նոր պիեսներ կարելի է բեմադրել: Չնայած վերջին ամիսներին նա հիվանդ էր, բայց ինչպես միշտ նա մեր առաջին գնահատողներից էր: «Մեա կուլպա 2»-ի ժամանակ եւս առաջիններից էր, որ եկավ ու գնահատեց մեզ: Մինչ այդ նա իր տպավորություններով կիսվել էր հեռախոսով զրուցելու ժամանակ, բայց այդ օրը ավելի երկար այդ մասին խոսեցինք: Այսինքն`այդ օրն այնպիսի տպավորություն էր, որ, այո, հիմա նա հիվանդ է, բայց մի քանի օրից կառողջանա եւ էլի կսկսվի իրեն հատուկ վազվզոցը ու ամեն ինչ նույնը կլինի: Նա խռպոտ ձայն ուներ, որն իրեն շատ էր սազում ու անբացատրելի ընդգծում էր նրա տղամարդկությունը»,- պատմեց ՀՀ ժողովրդական արտիստը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում