Արայիկ Հարությունյանը ՀՀ բանկերի ղեկավարների հետ քննարկել է տնտեսության զարգացման հեռանկարները


Արայիկ Հարությունյանը ՀՀ բանկերի ղեկավարների հետ քննարկել է տնտեսության զարգացման հեռանկարները
Նոյեմբեր 4 15:04 2017

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ՀՀ մի շարք առաջատար բանկերի ղեկավարների՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ:


Ա. Հարությունյանը, կարևորելով բանկային համակարգի պատասխանատուների այցն Արցախ, համոզմունք է հայտնել, որ այն կխթանի բանկերի և Արցախի կառավարության միջև համագործակցության զարգացումը: Նա նաև ընդգծել է ՀՀ կենտրոնական բանկի ակտիվ դերակատարումն Արցախի տնտեսության զարգացման գործում:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մասնավորապես, նշել է. «Այցի բոլոր մասնակիցները տպավորված են Արցախի գրանցած նվաճումներով, կազմակերպվածությամբ և ներուժով: Վստահեցնում ենք Ձեզ, որ անձամբ ես և իմ գործընկերները պատրաստ ենք հնարավորինս աջակցել Արցախի տնտեսության զարգացմանը»:

Պետական նախարարը հակիրճ ներկայացրել է կառավարության վերջին տասը տարիների գործունեության հիմնական արդյունքները և պետական աջակցող քաղաքականության փիլիսոփայությունը: Անդրադառնալով տնտեսական զարգացմանն ուղղված նախընթաց ծրագրերին և արդյունքներին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, ասել է.
«Վերջին 10 տարում Արցախում գրանցվել է տարեկան շուրջ 10 տոկոս ՀՆԱ աճ, ինչը հնարավոր է դարձել բոլոր առաջնահերթ ոլորտներում իրականացված ծրագրերի շնորհիվ: Եթե ուշադրություն դարձնեք ՀՆԱ-ի կառուցվածքի փոփոխության դինամիկային՝ կնկատեք, որ մեզ հաջողվել է զգալիորեն նվազեցնել հանքարդյունաբերության տեսակարար կշիռը և՛ ՀՆԱ-ի, և՛ պետական եկամուտների կառուցվածքում: Դա իրագործել ենք մնացած ոլորտներում զարգացման առաջանցիկ տեմպեր ապահովելու միջոցով՝ հենվելով հատկապես էներգետիկայի, գյուղատնտեսության և ծառայությունների բնագավառների վրա»:

Ա. Հարությունյանը հատուկ անդրադարձ է կատարել բնակարանաշինության ծրագրերին և պետական աջակցության մեխանիզմներին: Նա կարևորել է բանկային համակարգի մասնակցությունն այդ ոլորտում՝ վստահեցնելով, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս նվազեցնել բնագավառի ռիսկայնությունը՝ հաշվի առնելով բնակարանաշինության ռազմավարական նշանակությունն Արցախի համար:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» և «Արցախի ներդրումային հիմնադրամի» գործունեության հիմնական ուղղությունները, մեխանիզմներն ու արդյունքները: