Պետք է իրականության սահմաններում աշխատեն․ ՊԵԿ նախագահ


Պետք է իրականության սահմաններում աշխատեն․ ՊԵԿ նախագահ
Հոկտեմբեր 31 12:55 2017

Օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր առևտրականները պետք է հարկերը վճարեն. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն՝ անդրադառնալով Առինջ մոլի առևտրականների բողոքներին։ «Հարկերից խուսափելու առումով, եթե դիմում են նման ակցիաների դուք էլ պետք է հասկանաք, որ դուք ինքներդ պետք է մեր կողքին կանգնեք և ոչ թե քաջալերեք հարկերից խուսափող մարդկանց, այլ բացատրեք, որ չի կարելի ակցիա անելով խուսափել հարկերից։ Դա բացառվում է», – նշեց ՊԵԿ նախագահը։

Նա նախորդ շաբաթ հանդիպել է առևտրականների հետ և բացատրել, թե ինչ պետք է անեն։ «Եթե դրանից էլ են խուսափում և փորձում են խուսափել հարկերից, չի լինելու, կոշտ վարչարարություն է իրականացվելու։ Մենք առաջարկել ենք ձրի հաշվապահություն, դրանից իրենք հրաժարվել են, որովհետև շրջանառությունը չեն ուզում ցույց տալ», – ընդգծեց նա։ ՊԵԿ նախագահը նաև տեղյակ էր՝ Գագիկ Ծառուկյանը փորձել է առևտրականներին հասկացնել, որ ՊԵԿ-ի արածն օրինականության սահմաններում է։ «Այդ մադրիկ պետք է հասկանան, որ հետադարձի ճանապարհ չկա, պետք է իրականության սահմաններում աշխատեն։ Մանրածախ առևտրի ոլորտում կա մեծ ստվեր, դրա դեմ ենք պայքարում ու պետք է հաղթենք», – ասաց նա։