Ներսես Պողոսյանը դադարեցրել է մեկ շաբաթ տեւած հացադուլն ու ջրադուլը


Ներսես Պողոսյանը դադարեցրել է մեկ շաբաթ տեւած հացադուլն ու ջրադուլը
Փետրվար 3 09:15 2017

Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանը դադարեցրել է ջրադուլն ու հացադուլը: Այս մասին տեղեկանում ենք  նրա կնոջ՝ Լիա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից:

Ներսես Պողոսյանն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ես դադարեցնում եմ հացադուլը եւ ջրադուլը: Չեմ ցանկանում իմ արդարացի եւ օրինական պահանջի արդյունքը վայելել խեղված կամ հաշմանդամ դարձած: Ես չեմ կարող բեռ դառնալ ընտանիքիս համար:

Ես խոսք ունեմ ասելու՝ հատկապես դատարանում, եւ ես չեմ ցանկանում դատարան գնալ պատգարակով կամ մթագնած գիտակցությամբ: Պայքարս շարունակելու եմ: Տառապանքով վաստակած արդարությունն առավել քաղցր է լինելու...»:

Ներսես Պողոսյանը ջրադուլով եւ հացադուլով պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: