Ոստիկանը մտրակով վերակացու չպետք է լինի փողոցում. ՀՀ նախագահ


Ոստիկանը մտրակով վերակացու չպետք է լինի փողոցում. ՀՀ նախագահ
Հոկտեմբեր 23 20:01 2017

Ճանապարհային ոստիկանության բարեփոխումների գործընթացը եղել և մնում է իմ առաջնահերթությունների շարքում, ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով, թե պետք է դրական գնահատել այս ոլորտում կատարվող աշխատանքը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:

«Կարծում եմ՝ մեր վարորդների համար ակնհայտ է, որ վերջին տարիներին բարելավվել են քաղաքացիների հետ ճանապարհային ոստիկանների շփումները: Նաև պետք է ճանաչենք, որ նվազագույնի են հասել չարաշահման դրսևորումները:

Իհարկե, ոստիկանը պետք է աներկյուղ լինի իր աշխատանքում և չհաշտվի անօրինականության հետ: Սակայն դա բնավ չի նշանակում, որ ոստիկանը մտրակով վերակացու պետք է լինի փողոցում: Ոստիկանը պետք է ուղղորդի քաղաքացուն, օգնի և պարզաբանի ճիշտ ճանապարհը: Երևան քաղաքի շարունակաբար բարդացող ճանապարհային երթևեկության պայմաններում բարեկիրթ պարզաբանումը և նախազգուշացումը երբեմն կարող է շատ ավելի ազդեցիկ լինել, քան մեխանիկաբար տուգանք դուրս գրելը: Նման վարքագիծը, անկասկած, կմեծացնի ոստիկանի հանդեպ հանրության հարգանքն ու վստահությունը: Ասածս ճիշտ հասկացեք՝ սա այլ բան չի նշանակում: Սա նշանակում է, որ աշխատանքում պետք է օգտագործել տարբեր մեթոդներ», - ասել է երկրի ղեկավարը։

Նա հույս է հայտնել, որ տարեսկզբին հաստատված «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգը» մոտ ապագայում տալու է իր նկատելի արդյունքը:

«Դրա հետ մեկտեղ, չեմ կարող չկիսել որոշ տեսուչների անբարեխիղճ, իսկ երբեմն հանցավոր վարքագծով պայմանավորված՝ մեր վարորդների վրդովմունքը: Ճանապարհային ոստիկանության առանձին ծառայողներ այն աստիճան են կորցրել իրականության զգացողությունը կամ այնքան են վստահ սեփական անպատժելիության մեջ, որ բացահայտ կոռուպցիոն վարքագիծ են դրսևորում, այլ բառերով ասած՝ դրսևորում են լկտի վարքագիծ: Նրանք անգամ չեն խորշում այն փաստից, որ դա արձանագրվում է իրենց իսկ համազգեստի վրա ամրացված տեսախցիկներով», - նշել է նախագահը։



loading...