Դուք ոչ պակաս դերակատարում ունեք նաև հանցագործությունների բացահայտման և դրանք կատարած անձանց հայտնաբերման գործում.Սերժ Սարգսյան


Դուք ոչ պակաս դերակատարում ունեք նաև հանցագործությունների բացահայտման և դրանք կատարած անձանց հայտնաբերման գործում.Սերժ Սարգսյան
Հոկտեմբեր 23 19:28 2017

Իրավախախտումների կանխարգելման կարևորագույն գործոններից մեկը զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարն է, ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, թե այդ աշխատանքի արդյունքներն այս պահին փաստացի հեռու են դրական գնահատվելուց, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:

«Այո՛, հաշվետու ժամանակահատվածում համապատասխան դեպքերի հայտնաբերման աճ է գրանցվել: Սակայն շարքային քաղաքացու համար միշտ չէ, որ տեսանելի են այս ոլորտում ձեր կատարած աշխատանքի արդյունքները: Ես սա ասում եմ գիտակցելով հանդերձ, որ մեր անկախության առաջին տարիներին զենքի և զինամթերքի անվերահսկելի մեծ շրջանառություն է եղել. ես նկատի ունեմ՝ սովետական բանակից Հայաստանի Հանրապետության փոխանցման ժամանակահատվածը, նաև նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար մղվող մարտերում ձեռք բերված ավարն ու ինչ-որ չափով նաև եղած զենքի անվերահսկելի շրջանառությունը: Սա բոլորիս համար հասկանալի է, բայց արդեն անցել է 23-24 տարի, և մենք պարտավոր ենք այս հետևանքները վերացնել:

Իրականում տարօրինակ է. եթե կա պայքար, իսկ դրա արդյունքները դրական են, ապա ինչպե՞ս է պատահում, որ օրը ցերեկով, շատերի աչքի առջև հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ: Այս երևույթը մտահոգիչ է նաև այն առումով, որ նման դեպքերը չեն պակասում, այլ ավելանալով՝ ստանում են առավել հանդուգն դրսևորումներ»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, թե ապօրինի պահվող հրազենը և զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն և առգրավվեն:

«Սա ընդունեք որպես առաջիկա ամիսներին ձեր գլխավոր խնդիրներից մեկը և իմ հանձնարարությունը: Բայց ասածս բնավ չի նշանակում, որ պետք է համատարած շուրջկալներ և խուզարկություններ կազմակերպել, խանգարել քաղաքացիների հանգիստը, խախտել նրանց իրավունքները: Այսպիսի դեպքերի համար խստորեն պատժամիջոցներ են կիրառվելու: Խոսքն օպերատիվ աշխատանքի ակտիվացման մասին է, և ընդհանրապես կարծում եմ, որ համակարգում յուրաքանչյուր անարդյունք խուզարկություն պետք է քննության առարկա դառնա և միջոցներ ձեռնարկվեն»,- ավելացրել է նախագահը։

Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ պետության իրավապաշտպան համակարգում ոստիկանության անելիքները միայն հանցագործությունների կանխարգելմամբ չեն սահմանափակվում.

«Դուք ոչ պակաս դերակատարում ունեք նաև հանցագործությունների բացահայտման և դրանք կատարած անձանց հայտնաբերման գործում:

Այս առումով չափազանց կարևոր է ձեր սերտ համագործակցությունն իրավապահ այլ մարմինների, այդ թվում՝ ազգային անվտանգության և քննչական մարմինների հետ: Դա, անկասկած, կարող է տալ բազմաթիվ դրական արդյունքներ: Կարծում եմ՝ բանկերից մեկի մասնաճյուղում տեղի ունեցած հափշտակության գործով վերջին ձերբակալությունները ասվածի լավագույն ապացույցն են:

Մեկ անգամ ևս պետք է նշեմ, որ հետախուզվող անձանց հայտնաբերումը հանցավորության դեմ պայքարում դեռ լուրջ խնդիր է մնում: Սա պարզ տեսանելի է ոչ միայն քիչ առաջ ներկայացված թվային պատկերից, այլև պրակտիկայում բացահայտված տասնյակ, երբեմն զավեշտի հասնող դեպքերից»։

Նախագահը նաև օրինակներ է բերել.

«Պարզվել է, որ որոշ դեպքերում հետախուզական գործերը կազմվել են անձի նկատմամբ հետախուզում հայտարարելուց 10 կամ 12 տարի հետո: Այսինքն՝ հանցանքի մեջ մեղադրվող անձին այդքան ժամանակ ոչ մեկը չի անհանգստացրել, չի փնտրել: Կամ՝ մեղադրյալը հետախուզման մեջ գտնվելու պայմաններում կարողացել է փոխել իր անձնական տվյալները և ստանալ նոր անձնագիր: Սա խոսում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցության մակարդակի մասին: Կամ՝ տարբեր քրեական գործերով հետախուզվող անձի վերաբերյալ կազմվել է մեկ հետախուզական գործ, ապա մեկ քրեական գործով հետախուզումը դադարեցնելուց հետո դադարեցվել է նաև ողջ հետախուզական գործը, ինչի հետևանքով մյուս քրեական գործերով անձն անհիմն չի հետախուզվել:

Ավելին, արձանագրվել է նաև դեպք, երբ հետախուզվողին հայտնաբերելուց հետո ոստիկանության օպերլիազորը նրան քննիչին չի ներկայացրել, այդ մասին նրան գրավոր կամ բանավոր չի տեղեկացրել: Սակայն այդ նույն օպերլիազորը հետախուզումը դադարեցնելու մասին համապատասխան քարտ է ուղարկել ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, որտեղ էլ հետախուզումը հաշվառումից հանվել է:
Բազմաթիվ են դեպքերը, երբ հետախուզման աշխատանքներն իրականացվում են խիստ ձևական կամ փաստացի չեն իրականացվում: Դրա արդյունքում հանրապետությունում, նույնիսկ տարիներով իրենց տանը գտնվող հետախուզվողներին ոչ ոք չի անհանգստացնում: Մի դեպքում՝ նույնիսկ 24 տարի՝ 1993-ից մինչև 2017 թվականը որևէ մեկն այդ մարդուն չի անհանգստացրել:

Այդպիսի հետախուզվողները հետագայում ազատվում են, իհարկե, քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կամ ուղղակի դառնում են այլ հանցանքի զոհ: Ընդ որում, այդ անձանց մեծ մասը հետախուզվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարման համար, ինչը կրկնակի անընդունելի է և շատ վտանգավոր:

Այս ամենը վկայում է, որ նշված ոլորտում իրավիճակի փոփոխություն, մեղմ ասած, չկա: Հետախուզվողների հայտնաբերման արդյունավետությունը գոնե վերջին հինգ տարիների ընթացքում տատանվում է 31-34 տոկոսի սահմաններում: Սա էլ դեռ առանց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327 հոդվածով հետախուզվողների, խոսքը ժամկետային զինծառայությունից խուսափելու մասին է: Հակառակ դեպքում՝ հայտնաբերման ցուցանիշը լավագույն դեպքում հասնում է 14 տոկոսի: Եվ եթե սրան ավելացնենք այն հանգամանքը, որ զինվորական հանցագործություններով հետախուզում իրականացնում է ռազմական ոստիկանությունը, և այնտեղ էլ իրավիճակն ավելի բարվոք չէ, քան այստեղ, դա նշանակում է՝ ընդհանրապես, միգուցե, 10 տոկոսից ցածր կլինի: Այսինքն՝ այսքան հանցագործներ ուղղակի թաքնվում են մեզնից՝ մեզնից բոլորից: Սա անթույլատրելի է:

Այսպիսի պայմաններում պետք է լրջագույնս վերլուծել առկա խախտումների, թերությունների ու բացթողումների պատճառները և համալիր միջոցներ ձեռնարկել վիճակը շուտափույթ շտկելու համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 



loading...