«Հայրեր և որդիներ» օպերացիան Ջերմուկում


«Հայրեր և որդիներ» օպերացիան Ջերմուկում
Հոկտեմբեր 22 13:02 2017

Հաջորդ տարի՝ 2018 թվականին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Վերջին ընտրությունները 20 մլն․ դոլարի ներդրում «սպասող» Ջերմուկում եղել են անցած հոկտեմբերին, երբ համայնքը նաև խոշորացվեց:

Օրերս մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը վայր կդնի իր «մանդատը», և քաղաքապետ «կընտրվի» Վահագն Արսենյանը` ԱԺ պատգամավոր, Վայոց Ձորում «ասող» Աշոտ Արսենյանի որդին: Աշոտ Արսենյանը լինելով գործող իշխանական բուրգի մասը, բավականին սերտ կապերի մեջ է իշխանական վերնախավի հետ, եւ ամենայն հավանականությամբ նա դժվարությունների առաջ չի կանգնի որդուն քաղաքապետ դարձնելու ճանապարհին:

Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը ներկայումս հոր բիզնեսներն է տիրություն անում: Կրտսեր Արսենյանը՝ «Ջերմուկ Գրուպ» ընկերության տնօրենն է:
Մամուլում այս տարվա մարտին հրապարակվեց տեղեկատվություն այն մասին, որ Վահագն Արսենյանը 2017 թվականի մարտի 14-ին փորձել է մեքենայով ներխուժել «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայրի վերահսկվող փակ տարածք: Ըստ հրապարակումների Վահագն Արսենյանը եղել է անսթափ վիճակում, մեքենայով ապօրինի ներխուժել է վերահսկվող տարածք, վրաերթի փորձ է կատարել ընկերության աշխատակիցների նկատմամբ, ապա լքել տարածքը: Հիշյալ տեղեկատվությունը հերքվեց:
Աշոտ Արսենյանի կողմից՝ որդուն քաղաքապետ դարձնելու ցանկությունը նորություն չէ հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական խաղացողների համար: Մարզերն ու քաղաքները իրար մեջ բաժանելու, տիրանալու գաղափարով է այսօր տառապում գործող իշխանությունը: Աշոտ Արսենյանը չէր կարող լինել բացառություն:

Հայրեր- որդիներ դինաստիան իրականում իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում: Սա առանց այն էլ ժողովրդավարական ճանապարհից շեղված Հայաստան պետությունը տանում է կործանման: Իշխանական էլիտան սկսել է կամաց-կամաց պատրաստել սերնդափոխության գործընթացը և սահուն անցում ապահովել հայրերից որդիներին:
«Հայրերը» իրենց տեղից պատրաստ են հրաժարվել իշխանության մեջ, բայց միայն «որդիների» համար, միայն «որդիների» տեղն ապահովելուց հետո, երբ համոզված են, որ այլևս ամեն ինչ կանեն նրանք՝ առանց «հայրերի» թոշակը վտանգի տակ դնելու: Իշխանական բուրգի կանոնն է, եթե մեկին կարելի է, ապա մյուսին ինչու ոչ: 

Սա այսօրվա Հայաստանն է, պետություն որի հասարակության եւ նույն այդ հասարակությունում ապրող արտոնյալ զավակների միջեւ խորը արգելապատնեշ կա:

Armday.am