Ահա թե ինչու է ֆրանսիացիներին արգելվում ժպտալ՝ անձնագրի համար լուսանկարվելիս


Ահա թե ինչու է ֆրանսիացիներին արգելվում ժպտալ՝ անձնագրի համար լուսանկարվելիս
Հոկտեմբեր 22 04:27 2017

«Չժպտաք, խնդրում եմ, որովհետև դուք ֆրանսիացի եք», «Ժպտալ չի կարելի, և սա ծիծաղելի չէ». ահա այսպիսի վերտառությամբ հոդվածներ հեղեղեցին ֆրանսիական մամուլն այն բանից հետո, երբ օրենք ընդունվեց այն մասին, որ անձը հաստատող բոլոր փաստաթղթերի ու անձնագրի համար լուսանկարներում մարդիկ չպիտի ժպտան, քանի որ ժպտացող դեմքով լուսանկարները մեծ բարդություններ ու խնդիրներ են առաջացնում ճանապարհորդությունների ու երկրից-երկիր տեղափոխվելու գործընթացների համար:
Դեռ 12 տարի առաջ Ֆրանսիայում չարախնդությամբ կատակում էին այն բանի համար, որ Բրիտանիան արգելեց իր քաղաքացիներին ժպտալ անձնագրերի համար լուսանկարվելիս: Եվ ահա նույն իրավիճակում հայտնվեցին նաև ֆրանսիացիները: Իսկ ինչու՞մն է խնդիրը, ինչու՞ է արգելվում անձնագրի լուսանկարում ժպտալ:

Բանը նրանումն է, որ եվրոպական շատ երկրների անձնագրերի մեջ կա անտեսանելի կրիչ՝ չիպ, որը մանրամասն ինֆորմացիա է պարունակում մարդու դեմքի կենսաչափական առանձնահատկությունների մասին: Այդ ինֆորմացիան չիպի մեջ է ներբեռնվում այն լուսանկարից, որը եվրոպացիները դիմում-փաստաթղթին կից ներկայացնում են իրավապահներին՝ պարտադիր կենսաչափական անձնագիր ստանալու համար: Լուսանկարում ֆիքսված դիմագծերը՝ աչքերի միջանկյալ հեռավորությունը, քթի ծայրը, քիթ-աչք անկյան չափը, ստեղծում են մարդու դեմքի մաթեմատիկական քարտեզը, իսկ այն ամենը, ինչը խեղաթյուրում է այդ պատկերի հստակ վերարտադրությունը՝ բացառվում է անձնագրի լուսանկարի մեջ՝ օրինակ, արևային ակնոցները: Սակայն ի՞նչը կարող է գրեթե ամբողջությամբ փոխել մարդու դեմքի արտահայտությունը, եթե ոչ ժպիտը կամ ծիծաղը:

Երբ մենք շրջում ենք օդանավակայաններով, մեր ամեն քայլն ու շարժումը ամենուր տեսանկարահանում են հարյուրավոր տեսախցիկներ, որոնք էլ պատճենահանում են մեր դեմքն, ու մեխանիկական համեմատությունը մեր փաստաթղթերի լուսանկարների հետ կատարվում է վայրկյանների ընթացքում:

Ներկա պահին բոլոր երկրների կառավարությունները խիստ մտահոգված են իրենց երկրներ կեղծ փատաթղթերով անձանց ելումուտի հարցով և այնպիսի մեթոդներ են մշակում, որպեսզի անգամ ջրի երկու կաթիլ հիշեցնող երկվորյակներին հնարավոր լինի տարբերել ըստ անձնագրի լուսանկարի: Այս ամենը ունի մեկ գերնպատակ՝ հնարավորինս ճշգրիտ բացահայտել անձի ինքնությունը ըստ լուսանկարի: Իսկ սա մեր օրերում օրհասական խնդիր է, քանի որ ապրում ենք ահաբեկչության մշտական սպառնալիքի տակ:

Բրյուսելի ահաբեկչության հեղինակները. 2016թ.
Նախքան սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը՝ ԱՄՆ իշխանությունները անձի ինքնությունը հաստատող միակ ապացույցը համարում էին մատնահետքը, սակայն մեր օրերում այն ևս չի համարվում հավաստի ինֆորմացիա անձի մասին, և մատնահետքի իդենտիֆիկացիան համարվում է ընդամենը լրացուցիչ, բայց ոչ հիմնական քայլ: Մի քանի տարի առաջ կարճ ժամանակահատված կիրառվեց ևս մեկ փորձ. անձի ինքնությունը ստուգում էին աչքի բիբի պատկերով:

Սակայն իր տհաճ, անհարմար ու ժամանակատար գործընթացի պատճառով այս մեթոդը չեղարկվեց: Այժմ աշխարհի մի շարք երկրներում այլ մեթոդ են սկսել կիրառել, ըստ որի ՛՛պատճենահանվում է՛՛ մարդու դաստակի երակների քարտեզը: Իսկ մինչ այդ, քանի դեռ մեր երկրում չկան այս օրենքները, օգտվենք հնարավորությունից և մեր օդանավակայանում շրջենք ոչ թե պատճենահանող սարքին ուղղված, այլ մեզ դիմավորող հարազատներին ողջունող դաստակներով և լայն ժպիտներով:



loading...