Դատավորի եղբորորդին դատապարտվեց ազատազրկման


Դատավորի եղբորորդին դատապարտվեց ազատազրկման
Հոկտեմբեր 21 16:21 2017

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Դ.Սարգսյանի նախագահությամբ, ամբաստանյալ, 26-ամյա Նարեկ Օհանյանին դատապարտել է մեկուկես տարվա ազատազրկման և տուգանքի` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի` 150.000 ՀՀ դրամի չափով: Դատավճռով նա զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 3 տարի ժամկետով, հայտնում է Փաստինֆո-ն։

Այսպիսով, Ն.Օհանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, և ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով՝ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը:
Ազատազրկման ձևով պատժի կրման սկիզբը պետք է հաշվվի փաստացի արգելանքի վերցվելու պահից` 22.07.2017 թվականից:
Ամբաստանյալը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և նրա միջնորդությամբ գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով: Արագացված կարգով գործի քննության դեմ չի առարկել տուժողի իրավահաջորդը՝ հայտնելով, որ ամբաստանյալից որևէ պարտք, պահանջ, բողոք չունի և խնդրելով ամբաստանյալին ինչքան հնարավոր է մեղմ վերաբերվել:
Ըստ մեղադրանքի, 2017 թվականի հուլիսի 21-ին` ժամը 22:10-ի սահմաններում, թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում վարելով «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 308-րդ կմ հատվածում` Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում, խախտել է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնների 2-րդ կետի, այն է` «Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն» և 65-րդ կետի, այն է` «Վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ (...)», նույն որոշման հավելված № 1 Ձև № 2 «Ճանապարհային գծանշումներ» բաժնի 1.1 համարակալմամբ գծանշման, այն է` «հոծ գիծ, որը բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), նշում ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տալիս երթևեկելի մասի սահմանները, ուր մուտքն արգելված է, ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, այն է` «Ճանապարհային երթեկության մասնակիցը պարտավոր է պահպանել ՀՀ կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները (...) և իր գործողություններով չստեղծել վթարային իրադրություն» և 24-րդ հոդվածի 7-րդ մասի ա/ կետի, այն է` «վարորդին արգելվում է տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում», կանոնները, ավտոմեքենան վարելով բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթևեկության համար սահմանված առավելագույն արագությունը գերազանցող 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ և հանդիպակաց ուղղությունների երթևեկելի ուղեմասերը բաժանող հոծ գիծ գծանշումը հատած ու ավտոմեքենան մասամբ հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս դուրս բերած վիճակում իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, ստեղծել է վթարային իրադրություն և պայմանավորելով ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումն ու ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից` հանդիպակաց երթևեկելի ուղեմասում ավտոմեքենայի դիմային բամպերի ձախակողմյան մասով բախվել է ու վրաերթի է ենթարկել ճանապարհի երթևեկելի մասն իր վարած ավտոմեքենայի ընթացքի ուղղությամբ ձախից դեպի աջ հատող հետիոտն, անչափահաս աղջկան` համակցված գանգուղեղային, որովայնի, կոնքի, աջ և ձախ վերին, աջ ստորին վերջույթների բաց և փակ բութ վնասվածքների ձևով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելով` անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:
Բացի այդ, Նարեկ Օհանյանը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ անչափահասի մահն առաջացնելուց հետո որպես ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունեցող վարորդ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի դ/ ենթակետի պահպամամբ տրանսպորտային միջոցն անմիջապես կանգնեցնելու, այն չտեղաշարժելու, վթարային լույսերը միացնելու, դեպքի մասին իրավապահ մարմիններին հայտնելու և նրանց ներկայանալուն սպասելու փոխարեն դիտավորությամբ թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը` իր վարած «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերել դեպքի վայրից և դիմել փախուստի:
Դատարանը Վճռաբեկ դատարանի որոշումների լույսի ներքո գտել է, որ ամբաստանյալ Նարեկ Օհանյանի անձը դրականորեն բնութագրող, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները բավարար չեն գալու այն եզրահանգման, որ նրա ուղղումը հնարավոր է առանց ռեալ (իրական) պատիժ նշանակելու: Դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է ամբաստանյալ Նարեկ Օհանյանի կատարած արարքների, թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթով և վտանգավորության աստիճանով ու նրա անձով:
Նշենք, որ ամբաստանյալն, ըստ մամուլի հրապարակումների, Սյունիքի մարզի դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի եղբորորդին է:

Աղբյուր` Փաստինֆո