Կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստը


Կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստը
Հոկտեմբեր 20 19:33 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը, տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:

Խորհրդի քննարկմանն են ներկայացվել Առողջապահական տեսչական մարմնի և Բնապահպանության ու ընդերքի տեսչության բնականոն գործունեությունն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթները, որոնք միտված են նշված մարմինների գործունեության կանոնակարգմանը:

Այդ նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվելու համապատասխան օրենքներում և կառավարության որոշումներում:

Քննարկումներից հետո վարչապետ Կարապետյանը հանձնարարել է Արդարադատության նախարարությանը լրացուցիչ ուսումնասիրել ներկայացված փաթեթները՝ գնահատելով հնարավոր ռիսկերն ու հաշվի առնելով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հարցը:

Անդրադարձ է կատարվել նաև «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, որով, ըստ զեկուցողների, հստակեցվում է որակի ապահովման համակարգի գործունեությունը: