Կեղծ դիպլոմով հրամանատարի պաշտոն է ստացել


Կեղծ դիպլոմով հրամանատարի պաշտոն է ստացել
Հոկտեմբեր 20 16:43 2017

Ակնհայտ կեղծ փաստաթղթի օգնությամբ նշանակվել է հրամանատարի պաշտոնում և ստացել լեյտենատի կոչում, ինչի համար էլ հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Ըստ մեղադրանքի՝ 27-ամյա Արսենը զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասում հրամանատարի տեղակալի պաշտոն, կոչումով կրտսեր սերժանտ, ծառայության մեջ առաջխաղացման կարգով նույն զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի սպայական պաշտոնին նշանակվելու նպատակով, չունենալով նշված պաշտոնը զբաղեցնելու պարտադիր նախապայման հանդիսացող բարձրագույն կրթություն, 2016թ. նոյեմբերին զորամասի համալրման բաժանմունք է ներկայացրել կեղծ փաստաթուղթ:
Ներկայացված փաստաթուղթը եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը 2012թ. ավարտելու վերաբերյալ համակարգչին կից գունավոր շիթային տպիչ սարքով տպված՝ ՀՀ պետական ստանդարտ թողարկմանը չհամապատասխանող ձևաթղթով պատրաստված ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դիպլոմի պատճեն, որը դեռևս 2014թ. նոյեմբեր ամսին որպես նվեր է ստացել իր նախկին համածառայող ընկեր, ներկայումս հանգուցյալ Արթուր Աֆյանից:
Այս պայմաններում՝ ակնհայտ կեղծ փաստաթղթի առկայության պարագայում Թադևոսյանը ՀՀ պաշտպանության նախարարի 21.11.2016թ. թիվ 2677 ա/վ հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի պաշտոնում և նրան շնորհվել է առաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում:
Արսեն Թադևոսյանին մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը մուտք է եղել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել է դատավոր Մարինե Մելքոնյանին:

Աղբյուր` Փաստինֆո