Առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկը պիտանի է ճանաչվել ծառայության համար և 1 տարուց ավելի ծառայել


Առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկը պիտանի է ճանաչվել ծառայության համար և 1 տարուց ավելի ծառայել
Հոկտեմբեր 20 15:12 2017

Բժշկի անփույթ վերաբերմունքի հետևանքով առողջական խնդիրներ ունեցող երիտասարդը ծառայության համար պիտանի է ճանաչվել և մեկ տարուց ավելի ծառայել է բանակում:
Քննությամբ պարզվել է, որ Արաբկիրի տարածքային զորակոչային հանձնաժողովի կազմում ընդգրկված որպես վիրաբույժ փորձագետ-բժիշկ Հայկ Խեչոյանը զորակոչիկ Արման Փայտյանի մոտ կցագրման ժամանակ Երևան քաղաքի թիվ 16 պոլիկլինիկայում պարտադիր հետազոտության ընթացքում սոնոգրաֆիկ քննությամբ հայտնաբերված «ձախ երիկամի հիպոպլազիա 8.6x4.2սմ չափսեր» ախտորոշման պայմաններում պարտավոր է եղել Ա․Փայտյանին ուղարկել հետազոտման քաղաքացիական բժշկական հաստատություններ։
Մեղադրանքի համաձայն՝ բժիշկը, հիմնվելով սեփական փորձի ու իր կողմից կատարված ոչ լիարժեք զննության տվյալների վրա, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով, իր պարտականությունները չի կատարել, ինչի արդյունքում 20.01.2016թ․թվագրված արձանագրությամբ եզրակացրել է, որ Ա․Փայտյանը պիտանի է զինվորական ծառայությանը և ոչ լիարժեք բուժհետազոտման պայմաններում վերջինս զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության:
Արդյունքում Փայտյանը 14 ամիս ծառայել է ՀՀ զինված ուժերում, ներգրավվել է ռազմաիրավական հարաբերությունների մեջ, ինչպես նաև խաթարվել է պետության՝ զորակոչը կազմակերպելու և անցկացնելու բնականոն ընթացքը, հեղինակազրկվել են բժշկական և զինվորական իրավասու մարմինները։
Հայկ Խեչոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը մուտք է եղել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ու մակագրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին:

Աղբյուր` Փաստինֆո