Կարեն Կարապետյանը փորձում է դիրքային առավելության հասնել Մարգարյանի նկատմամբ. «Ժամանակ»


Կարեն Կարապետյանը փորձում է դիրքային առավելության հասնել Մարգարյանի նկատմամբ.
«Ժամանակ»
Հոկտեմբեր 20 08:36 2017

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է երեւանյան խցանումներին՝ դրանք վերացնելու համար քայլեր ձեռնարկելու հանձնարարական տալով կապի ու տրանսպորտի նախարարին, քաղաքաշինության կոմիտեին եւ ամենահետաքրքրականը՝ Երեւանի քաղաքապետին ու ոստիկանությանը:

Ոստիկանության հետ Կարեն Կարապետյանի, այսպես ասած, առանձնահատուկ դիմակայության առայժմ փափուկ դրսեւորումները դրսեւորվում են վաղուց, եւ այստեղ իհարկե գործ ունենք արդեն ավանդական թիրախավորման հետ: Այլ հարց է Երեւանի քաղաքապետը, որը փաստորեն ստանում է մի հանձնարարական, որի արդյունավետ կատարումը ուղղակի դժվար է պատկերացնել՝ հաշվի առնելով Երեւանի փողոցային ենթակառուցվածքների աճի բացակայությունը ու դրան հակառակ՝ ավտոմեքենաների քանակի շեշտակի աճը:

Այսպիսով, առաջին հայացքից սովորական, ընթացակարգային դարձած հանձնարարության տեսքով Կարապետյանը ըստ էության մի սուր է կախում Տարոն Մարգարյանի գլխին: Ընդ որում, այստեղ խնդիրը միայն այն չէ, որ Կարապետյանը կարող է ցանկացած պահի հիշեցնել հանձնարարականը եւ ըստ այդմ անհարմար վիճակի մեջ դնել Մարգարյանին: Բանն այն է, որ Երեւանի խցանումների վերաբերյալ ըստ էության անկատարելի հանձնարարականով Կարեն Կարապետյանը Մարգարյանի դեմ, այսպես ասած, թեմատիկ զենք է տալիս Երեւանի ավագանու ընդդիմությանը: Այդ քայլով Կարապետյանը փորձում է դիրքային առավելության հասնել Մարգարյանի նկատմամբ՝ հատկապես նկատելով, որ Մարգարյանի դիրքերը բավական թույլ են նաեւ Սերժ Սարգսյանի մոտ, եւ Սարգսյանը Երեւանի քաղաքապետի, այսպես ասած, դիրքերը աստիճանաբար հակակշռում է իր ֆավորիտ Միհրան Պողոսյանի դիրքերով:

Կարեն Կարապետյանը փորձում է օգտվել այդ իրադրությունից եւ կա՛մ ինքն էլ դիրքային առավելության հասնել Մարգարյանի նկատմամբ, որն այս տարիներին դարձել է իշխանության որոշակի բեւեռ իր, այսպես ասած, ենթակառուցվածքներով, կա՛մ Մարգարյանին ստիպել դառնալ իր, այսպես ասած, բեւեռային ենթակառուցվածքը:

Տվյալ պարագայում խնդիրը լոկ այն չէ, որ Կարապետյանը ձգտում է վարչապետության համար Սերժ Սարգսյանի հետ պայքարում ստանալ հնարավորինս մեծ տարածություն իշխող համակարգում: Եթե անգամ Կարապետյանի համար չկա այդպիսի պայքար, եւ նա կա՛մ հաստատ կմնա վարչապետ, կա՛մ հաստատ չի մնա այդ պաշտոնին, իշխանության հիերարխիայում նա կմնա թերեւս մեծ հավանականությամբ բոլոր դեպքերում, եւ ըստ այդմ՝ նրա համար ներիշխանական տարբեր թեւերը այսպես թե այնպես մրցակիցներ են առնվազն 2022 -ի համար պայքարում, եթե ոչ՝ Սերժ Սարգսյանի դեմ, ապա նրա հավանությունը ստանալու պայքարում:

Այդ իմաստով Կարապետյանը, այսպես ասած, օղակ է գցում Տարոն Մարգարյանի՝ այդ թեւերից մեկի վզին եւ թերեւս կսեղմի ժամանակի ընթացքում, այն էլ հնարավոր է՝ քաղաքային ավագանու ընդդիմության կամա թե ակամա աջակցությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում