Խաշմանյան. Տեսեք, թե մեր ոչ բարով-խերով հարևաններն ուր են հասել, իսկ մենք ուրախանում ենք 6:0 հաշվով


Խաշմանյան. Տեսեք, թե մեր ոչ բարով-խերով հարևաններն ուր են հասել, իսկ մենք ուրախանում ենք 6:0 հաշվով
Հոկտեմբեր 19 23:27 2017

Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 6:0 հաշվով հաղթել է «Արցախին» և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Խաղից հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Հանդիպում էր, էլի: «Արցախը» լավ թիմ է: Լավ էր, որ նրանց մրցակիցն «Ալաշկերտն էր»: Մենք, կարելի է ասել, նրանց շարժառիթն էինք: Նրանք արդեն կվերլուծեն ու կտեսնեն, թե որքան աշխատանք պետք է կատարեն: «Արցախի» համար այս հանդիպումը միայն պլյուս էր: Հաշիվը կապ չունի:

Այնպես է ստացվում, որ 7 օրվա ընթացքում 3 հանդիպում ենք անցկացնում: Հնարավորություն տվեցինք ավելի թարմ ֆուտբոլիստների խաղալ: Հիմնական կազմից որոշ ֆուտբոլիստներ բացակայում էին, խաղին մասնակցելու հնարավորություն էինք տվել նաև Առաջին խմբում հանդես եկող ֆուտբոլիստների:

Մեկը ծանոթ է ինձ, խաղացել է հիմնական կազմում: Խոսքն Արամ Հովսեփյանի մասին է: «Ալաշկերտում» մրցակցությունը մեծ էր, չդիմացավ ու ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար տեղափոխվեց «Արարատ» ու կորեց: Հետո կրկին վերադարձավ ու հիմա Առաջին խմբում է: Հիմա նորից կբարձրացնենք Բարձրագույն խումբ: Իրան էլ, Արտաշին էլ: Արտաշը շատ վաղուց է ինձ մոտ խաղացել: Արտաշին էլ կբարձրացնենք Բարձրագույն խումբ: Էլի մարդկանց էինք հրավիրել, սակայն նրանք առողջական խնդիրների պատճառով չկարողացան միանալ մեզ:

Առաջին խաղում «Արցախին» 3 գոլ էինք խփել, երևի թե ճիշտ էր նրանց որոշումը, որ խաղադաշտ են դուրս բերել թիմի երկրորդ կազմին: Պարզապես ծանոթ չեմ «Արցախի» հիմնական կազմին, որպեսզի ասեմ, թե նրանք ինչ կազմով են դուրս եկել «Ալաշկերտի» դեմ:

Չէի ասի, որ սա պատմական հաշիվ էր: Պատմությունն այստեղ չեն գրում: Միշտ էլ ասել եմ, որ չափանիշը Հայաստանի առաջնությունը չէ, այլ Եվրոպան, Եվրոպա լիգան, Չեմպիոնների լիգան: Մենք ձգտում ենք դրան: Դուք երևի հիշում եք իմ խոսքերը: Նայեք, թե մեր «ոչ բարով-խերով» հարևաններն ուր են հասել: Իսկ մենք ուրախանում ենք եսիմ ինչով: Դա անտրամաբանական է»,- ասել է Խաշմանյանը:



loading...