Քայլ առ քայլ մենք հաղթահարում ենք առկա դժվարությունները.Սերժ Սարգսյան


Քայլ առ քայլ մենք հաղթահարում ենք առկա դժվարությունները.Սերժ Սարգսյան
Հոկտեմբեր 19 22:47 2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովի շրջանակներում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍՏ) կազմակերպած գալա ընթրիքին:

 

Միջոցառման ժամանակ Հանրապետության նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով, նշելով, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն ավելի հայտնի է իր անվանման անգլերեն ՖԱՍՏ հապավումով, ինչը նշանակում է «արագ», «ուստի մենք պետք է կարողանանք արագ կողմնորոշվել և մեր ճիշտ տեղը գտնել այս արագ փոփոխվող աշխարհում»:

«Նոր աջակիցների ներգրավումը և համատեղ ջանքերով ավելի ամուր Հայաստան կերտելու ձգտումը թույլ են տալիս վստահություն հայտնել, որ առաջանցիկ տեմպերով տեխնոլոգիապես արագ զարգացման տեսլականն այլևս հասանելի է` և՛ հասանելի հեռանկար է, և՛ նպատակ մեզ համար: Այս նախաձեռնությունը պետք է դառնա պետական և մասնավոր հատվածների համագործակցության ևս մեկ արդյունավետ և հաջողված օրինակ: Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ և Հայաստանի ողջ պետական համակարգի աջակցությունն այս նախաձեռնությանը», - ասել է Ս.Սարգսյանը։

 

Նրա խոսքով, Հայաստանից և սփյուռքից աշխարհի առաջատար բուհերում ուսանելու մեկնած երիտասարդներին օժանդակելու նպատակով ստեղծված «Լույս» հիմնադրամը դուրս է գալիս իր ավանդական շրջանակներից և հանդես է գալիս որպես զարգացման նոր ծրագրի համահիմնադիր՝ փոքրիկ մասով, բայց համահիմնադիր:

«Այսուհետ ևս մենք շարունակելու ենք հետևողական լինել տարբեր նախաձեռնությունները համադրելու միջոցով ավելի լավ արդյունքների հասնելու մեր քաղաքականության մեջ։ Հայաստանն այսօր գտնվում է կարևոր փոփոխությունների շրջափուլում: Քայլ առ քայլ, հետևողականորեն մենք հաղթահարում ենք առկա դժվարությունները և արտաքին անբարենպաստ միջավայրի սահմանափակումները: Նույն հետևողականությամբ բարեփոխում ենք մեր ներքին կյանքը` այն կազմակերպելով փոխադարձ հարգանքի, երկխոսության, հանդուրժողականության, համերաշխության և արդար սկզբունքների հիմքի վրա: Այս բոլոր գործընթացները հաջողությամբ կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ են նախաձեռնություններ, որոնք թույլ են տալիս ողջ երկրում դրական միջավայր ստեղծել և նոր հեռանկարներ բացել», - նշել է Ս.Սարգսյանը։

 

Նա ասել է, որ նորարարության զարգացման ուղղությամբ Հայաստանի, սփյուռքի և միջազգային գիտական համայնքների մեկտեղումը կարող է տալ տեսանելի և չափելի արդյունքներ:

«Հաճախ ենք մենք լսում, որ գիտատեխնիկական շատ մշակումներ չեն իրացվում բյուջետային և ֆինանսական սահմանափակումների պատճառով: Այժմ ՖԱՍՏ-ի հովանու ներքո գրանտային-վենչուրային ֆինանսավորման գործիքների ներդրումը կլինի ևս մեկ կարևոր քայլ մեր գիտական ներուժի լիարժեք բացահայտման ճանապարհին», - հայտարարել է ՀՀ նախագահը։

 

Ս.Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հանձնառու է զարգացնելու հեղինակային իրավունքի և դրա պաշտպանության իրավակիրառական դաշտը:

«Մենք նաև հետևողականորեն շարունակելու ենք բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ նաև կապիտալի շուկայի մատչելիությունը, որպեսզի դյուրացնենք գիտատեխնիկական մշակումների ֆինանսավորումը», - նշել է նա։