Լրագրող Փայլակ Ֆահրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի


Լրագրող Փայլակ Ֆահրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի
Հոկտեմբեր 19 22:24 2017

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ մարզի տարածքում «armday.am» լրատվական կայքի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։ Մեղադրանք է առաջադրվել 3 անձի:
Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 7-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, լրագրողը մեկնել է Վայոց ձոր մարզի Շատին գյուղ՝ ՊՈԱԿ-ի տնօրենի հետ հարցազրույցի համար։ Լրագրողը տնօրենի հետ հանդիպել է ՊՈԱԿ-ի մասնաշենքում, իսկ հարցազրույցին ներկա է գտնվել նաեւ տնօրենի քույրը, որը աշխատում է նույն ՊՈԱԿ-ում՝ որպես ընտանեկան բժիշկ։ Մասնաշենքում է գտնվել նաեւ վերջինիս ամուսինը՝ Քարագլուխ համայնքի ղեկավարը։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՊՈԱԿ-ի տնօրենն ի սկզբանե համաձայնել եւ պատասխանել է լրագրողի հարցերին, որը ձայնագրառվել է։ Հարցազրույցի ընթացքում լրագրողը ՊՈԱԿ-ի տնօրենին հարցեր է ուղղել նաեւ որոշակի գումարի դիմաց բժշկական տեղեկանքներ տրամադրելու վերաբերյալ, ինչը վրդովեցրել է տնօրենին: Քննության տվյալներով՝ վերջինս քրոջ հետ միասին պահանջել է ջնջել հարցազրույցի տեսաձայնագրությունը եւ կանչել մոտակայքում գտնվող համայնքի ղեկավարին, որպեսզի թույլ չտան լրագրողին հեռանալ՝ նախքան հարցազրույցի ձայնագրությունը ջնջելու մասին իրենց պահանջը կատարելը՝ այդպիսով խոչընդոտելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին, նույն ընկերության ընտանեկան բժշկին եւ Քարագլուխ համայնքի ղեկավարին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: