Մեր կառույցն արձանագրել է աշխարհում առավել բարձր ցուցանիշներ


Մեր կառույցն արձանագրել է աշխարհում առավել բարձր ցուցանիշներ
Հոկտեմբեր 19 15:14 2017

«Շարունակաբար արձանագրվող ձեր հաջողությունները խոսում են այն մասին, որ կոլեկտիվում կա ներդաշնակություն, որ դուք համախմբվում եք նախանշված ծրագրերի և գաղափարների շուրջ»,-հանդիպելով ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխագելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների հետ` ասել է նախարար Լևոն Ալթունյանը։ Նա կարևորել է հատկապես տնօրինության և նախաձեռնող խմբի նորարական մոտեցումները ՁԻԱՀ-ին հակազդման ռազմավարական ծրագրերի իրականացման գործում։
Այցի նպատակը վերջերս ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթում «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում հաղթող ճանաչվելու, պետական ծառայության տրամադրման գործում նորարարության և գերազանց որակի միջոցով Կայուն զարգացման 2030թ. Օրակարգի իրականացմանն աջակցելու համար գավաթի և հավաստագրի արժանանալու առիթով կենտրոնի աշխատակիցներին շնորհակալություն հայտնելն ու նրանց խրախուսելն էր։
Հանդիպման ժամանակ նախարարն ընդգծել է, որ ՁԻԱՀ-ի մարտահրավերներին արդյունավետ հակազդման միջոցով աշխարհում առավել բարձր ցուցանիշներ և արդյունքներ արձանագրելու շնորհիվ հաղթող ճանաչված պետական կառույց ունենալը մեր երկրի պատիվն է։
Ներկայացնելով կենտրոնի ցուցանիշները` տնօրեն Սամվել Գրիգորյանը նշել է, որ Հայաստանն այս տարի վերահաստատել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը և հաստատուն քայլերով ընթանում է ՄԱԿ-ի 2016թ. ընդունված Հռչակագրով և 2017-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրով սահմանված թիրախներին հասնելու ուղիով: Իսկ գլոբալ թիրախը մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ի համաճարակի վերացումն է:
Նախարարին շնորհակալություն հայտնելով մշտապես կենտրոնի ծրագրերը խրախուսելու և աջակցելու համար` տնօրենը հավաստիացրել է, որ շարունակելու են աշխատել նույն եռանդով։
Լևոն Ալթունյանին նաև ծանոթացրել են վերջին շրջանում հրապարակված գիտական և հաշվետվական մի շարք հրապարակումներին։
ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթում ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հաղթող ճանաչվելու և միջազգային ճանաչման արժանանալու գործում զգալի ներդրում ունենալու համար նախարարը կենտրոնի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է պատվոգրով։
«Ես հավատում եմ, որ դուք կգերազանցեք ՄԱԿ-ի Հռչակագրով և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական պլանով սահմանված թիրախներին հասնելու համար նախանշված ժամկետները»,-նվիրված և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով բոլորին ` ասել է Լևոն Ալթունյանը։

 



loading...