Քիրքուքը կորցնելուց հետո քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպում


Քիրքուքը կորցնելուց հետո քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպում
Հոկտեմբեր 19 14:44 2017

Իրաքի բանակը շիական «Հաշդի Շաբի» խմբավորման օգնությամբ երբ գրավեց Քիրքուքը քրդերից, վերջիններս սկսել են դիմել բողոքի գործողությունների:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ տեղի քրդերը դուրս են եկել Քիրքուքի, Էրբիլի, Դոհուկի և այլ քաղաքների փողոցներ և իրենց դժգոհությունը հայտնել իրաքյան զինուժի գործողությունների դեմ:

Նշվում է, որ ցույցերի ժամանակ մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) փառաբանող պաստառներ: Ցուցարարներից ոմանք նույնիսկ ինքնաձիգերով օդ են կրակել:

Էրբիլում կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում Իրաքի բանակի գործողություններից դժգոհող զանգվածը պնդել է, թե իբր Իրաքի զորքերը փորձել են շարժվել նաև դեպի Էրբիլ: Քրդերի պնդմամբ՝ Էրբիլի ուղղությամբ նույնիսկ կրակ է բացվել:

Որոշ ցուցարարներ Էրբիլում բերման են ենթարկվել Էրբիլում Իրաքի վարչապետ Հայդար Իբադիի և «Հաշդի Շաբի» խմբավորման դեմ համացանցում գրառումներ կատարելու համար:

Թուրքական աղբյուրը նշում է, որ քրդական ուժերը Քիրքուքի դեպքերից հետո կարողացել են ապստամբության արդյունքում իրենց հսկողությունը վերահաստատել քաղաքի 3 թաղամասերի վրա:
Աղբյուր` Ermenihaber.am