Շիրակի մարզային կենտրոնը ծառայություններ կմատուցի արդիականացված պայմաններում


Շիրակի մարզային կենտրոնը ծառայություններ կմատուցի արդիականացված պայմաններում
Հոկտեմբեր 19 14:20 2017

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնն այսուհետև ծառայություններ կմատուցի արդիականացված ու բարելավված պայմաններում. Գյումրիում կգործի վերազինված ու նորագույն սարքավորումներով զինված լաբորատորիա, հատուկ նմուշառման բաժին, իսկ սպասարկումը կիրականացվի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի միջոցով:
Հոկտեմբերի 18-ին կենտրոնի ղեկավար Անուշ Մնացականյանը և ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը բացել են վերանորոգված կառույցը. միջոցառմանը ներկա էին ՍԱՊԾ ղեկավարությունը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ԱԺ պատգամավորները, այլ հյուրեր:
Նորացված կենտրոնը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին և կդյուրացնի ընթացակարգերը թե սպառողների, թե տնտեսվարողների համար, իսկ վերազինված լաբորատորիան՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղը, անհրաժեշտ փորձաքննությունները կկատարի տեղում ու սեղմ ժամկետներում: Սա կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրին, աշխարհագրական դիրքով պայմանավորված, ունի բեռնափոխադրման մեծ հոսք, և պետք է ապահովվեն բոլոր պայմանները, որպեսզի տնտեսավարողները ներմուծման-արտահանման գործընթացներն անցնեն առավել պարզ ու արագ: «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը, կարևորելով ոչ միայն կենտրոնական կառույցի, այլև մարզային կառույցների նշանակությունը, շիճուկաբանական հետազոտություններն իրականացնելու նպատակով, 2017 թվականին նախաձեռնել է մարզային կենտրոնների հիմնանորոգման և սարքավորումներով համալրման գործընթաց: Շիրակի մարզային կենտրոնն արդեն հնարավորություն ունի հանրապետության երկրորդ քաղաքում մատուցելու միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր ծառայություններ և՛ անասնաբուժության, և՛ սննդամթերքի անվտանգության ոլորտում:
ՍԱՊԾ պետը, մարզային կենտրոնի արդիականացումը համարելով անհրաժեշտ քայլ, բացման խոսքում ասել է. «Շիրակը բավականին մեծ մարզ է, ունի պարենային ապրանքների սպառման մեծ ծավալ և, սննդամթերքի անվտանգության ապահովման առումով, այստեղ շատ անելիքներ կան: Կարևոր էր, որ մեր մարզային կենտրոնն ունենա համապատասխան հագեցվածություն և կարողանա ամբողջությամբ իրացնել իր գործառույթները»:
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության պետ Վահե Դանիելյանը ներկայացրել է ՍԱՊԾ առաջնահերթություններն ու վերահսկողության հիմնական ուղղությունները, անդրադարձել մարզի խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:


ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն



loading...