1 ամսվա փոխարեն կտրամադրվի 10 օրվա ընթացքում. Գասպարյանի առաջարկությունը ընդունվեց


1 ամսվա փոխարեն կտրամադրվի 10 օրվա ընթացքում. Գասպարյանի առաջարկությունը ընդունվեց
Հոկտեմբեր 19 13:06 2017

ՀՀ ոստիկանությունում վարչարարությունը պարզեցնելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել և տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվությունը տրամադրել 10 օրվա ընթացքում՝ մեկ ամսվա փոխարեն: Այս մասին, այսօր կառավարության նիստում ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ներկայացնելով նախագիծը:

«Մասնավորապես՝ նախատեսվում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության կողմից տրամադրվող՝ տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, ինչպես նաև առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշումները դիմումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի փոխարեն տրամադրել տասնօրյա ժամկետում»,-նշեց Գասպարյանը:

Նրա խոսքով՝ ընտրվել է տասնօրյա ժամկետը, որովհետև այդ ընթացքում հնարավոր է` անհրաժեշտություն առաջանա տրանսպորտային միջոցների զննություն, կառուցվածքային փոփոխությունների զննություն անցկացնելու, հաճախ նույնիսկ փորձագետներին, ֆիրմաներին, գործարաններին հարցումներ ուղարկելու:

«Նախագիծը մշակվել է սույն թվականի հունիսին` Ձեր կողմից տրված հանձնարարականի հիման վրա. նպատակ ունի պարզեցնել պետական մարմինների կողմից մատուցված ծառայությունները»,-ասաց ոստիկանապետը:

Կառավարությունը հավանություն տվեց նախագծին: