Բուժաշխատողի գործունեության խոչընդոտումը կքրեականացվի. ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով


Բուժաշխատողի գործունեության խոչընդոտումը կքրեականացվի.  ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով
Հոկտեմբեր 19 12:07 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության հավանությանը ներկայացրեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հարությունյանը նշեց,  թե նախագծով առաջարկվում է ավելացնել նոր հոդված` քրեականացնելով բուժաշխատողի գործունեությունը խոչընդոտելը:
«ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանի և Կարեն Ավագյանի ներկայացված նախագծի նախնական տարբերակում առաջարկվում է բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար նախատեսել պատիժ տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու համար նախատեսել պատիժ ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով: Սահմանվել է նաև պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ թե վտանգավոր բռնություն գործադրելով այլ գործադրելու սպառնալիքով: Այդ արարքի համար պատիժ նախատեսել` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով»,-նախագիծը ներկայացրեց Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի բուժաշխատողի օրինական շահերի պաշտպանությունը: Ըստ նրա՝ նախագծի նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունների կանխումն ու կանխարգելումը:
Կառավարությունը նախագիծը ընդունեց: