Կարապետյանն առաջարկում է տրամաբանության չափով «լեգալիզացնել» անտառհատումները


Կարապետյանն առաջարկում է տրամաբանության չափով «լեգալիզացնել» անտառհատումները
Հոկտեմբեր 19 11:40 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ապօրինի ծառահատման դեպքերին, եւ ոլորտի պատասխանատուներին հանձնարարականներ տվեց:  «Մոտ ժամանակներս շահագրգիռ մարմինների հետ ամբողջությամբ քննարկված և լրամշակված հայեցակարգ կներկայացվի Կառավարության աշխատակազմ։ Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը։ Մյուս կողմից վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել է բնափայտի մթերման օրինական ծավալները»,-հայտարարեց վարչապետը: 
Կարապետյանը Բանպահպանության, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարարեց շարունակել անտառամերձ համայքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին և ապահովել այդ գործընթացի թափանցիկությունը։

«Երկրորդ՝ տասնօրյա ժամկետում համատեղ քննարկել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայատի օրինական մթերման վերանայված և օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա։ Երրորդ՝ որոշակի ժամկետում համատեղ մշակել և աշխատակազմ ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր»,-հանձնարարեց Կ.Կարապետյանը։ Վարչապետը հայտարարեց՝ Կառավարությունը հաշվի առնելով ռեալ շուկայի ծավալները, մասնավորապես՝ ստվերի առկայությունը, պետք է «Հայանտառ» ձեռնարկությունում բարեփոխումներ կատարել։

«Տրամաբանության չափով պետք է լեգալիզացնենք անտառահատումները, այդ ֆինանսական միջոցներն ուղղենք դեպի «Հայանտառ», որպեսզի իրենք պատրաստված լինեն գույքով և բոլոր անհրաժեշտ գործիքներով՝ հսկողությունը սահմանեն մաքսիմալ հստակ և կոշտ»,-ասաց նա։

Armday.am