Կառավարությունը որոշել է պարզապես ծաղրել ժողովրդին. Թանկացումները արդարացված են. «Ժողովուրդ»


Կառավարությունը որոշել է պարզապես ծաղրել ժողովրդին. Թանկացումները արդարացված են. 
«Ժողովուրդ»
Հոկտեմբեր 19 08:29 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը որոշել է պարզապես ծաղրել ժողովրդին՝ ամեն կերպ արդարացնելով թանկացումները եւ կոչ անելով զինվել համբերությամբ: ՏՄՊՊՀ նախագահ ը երեկ հայտարարել է, թե իրենք ուսումնասիրություններ են կատարել կարագի, բենզինի եւ մսի շուկայում եւ պարզել, որ թանկացումները ոչ թե չարաշահումների հետեւանք են, այլ օբյեկտիվ հիմքեր ունեն: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ասել է. «Նախ եւ առաջ թանկացումներն այնքան շատ չեն, ինչպես որ ներկայացնում են՝ կարագն է, բենզինն է, մսամթերքն է՝ 10 տոկոս եւ ձուկը, բայց շատ ապրանքներ կան, որոնք էժանացել են։ …Մենք ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս արձագանքեն։ Մենք չենք կարող այդ գները զսպել։ Այլ խնդիր է, որ մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի մեր քաղաքացին կարողանա թանկացումներին դիմակայել։ Այդ ամեն ինչին համբերատար պետք է վերաբերվել»: Ի՞նչ է սա՝ ցինի՞զմ, ժողովրդին ծաղրե՞լ, թե սեփական անկարողությունը խոստովանելու տխուր փորձ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, ԿԲ-ն ունեն լծակներ, օրենսդրությամբ տրված լիազորություններ՝ գնաճը զսպելու համար, քանի որ ՀՀ մայր օրենքի՝ Սահմանադրության 83.3 հոդվածում հստակ ասված է. «ՀՀ ԿԲ հիմնական խնդիրը ՀՀ գների կայունությունն ապահովելն է»: Այնինչ վարչապետի խոսքերից պարզվում է, որ իրենք չեն կարող իրագործել սահմանադրության այս դրույթը: Եւ ընդհանրապես, իշխանություններն անկարող են ոչ միայն այս հարցում, այլ՝ պետություն կառավարելիս: Մեկ փաստ էլ. որքան էլ իշխանությունները համոզեն, թե գնաճը բնական է, պայմանավորված արտաքին գործոններով, միեւնույն է, դրանից իրավիճակը չի փոխվի, եւ ՀՀ քաղաքացու վիճակը չի թեթեւանա, մանավանդ, մի երկրում, որտեղ արդեն որերորդ տարին է՝ ո՛չ աշխատավարձերն են բարձրացնում, ո՛չ կենսաթոշակները, ո՛չ նպաստները, եւ նույն տխուր հեռանկարն է սպասվում նաեւ հաջորդ տարի, ու փոխարենը գնաճի նոր ալիք է սպասվում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...