Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանը չունի հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական հիմքեր. Արա Բաբլոյան


Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանը չունի հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական հիմքեր. Արա Բաբլոյան
Հոկտեմբեր 18 16:52 2017

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչևսկու հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Արա Բաբլոյանը ընդգծել է, որ 2017 թվականը հայ-լեհական միջպետական հարաբերություններում առանձնահատուկ է, քանի որ այս տարի լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը:

Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել Ստանիսլավ Կարչեւսկուն` սեպտեմբերի 19-ին Սենատում Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու և ելույթով հանդես գալու համար, ինչպես նաեւ լեհահայ համայնքի պատմությանը նվիրված ցուցահանդես բացելու կապակցությամբ:

Արա Բաբլոյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունների ակունքում հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, ինչը լավ հիմք է Հայաստանի և Լեհաստանի միջեւ կապերի հետագա ամրապնդման համար:

«Մեր պետությունների միջեւ հաստատված է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, առկա են անհրաժեշտ նախադրյալներ միջպետական հարաբերությունների ընդլայնման համար», - ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Այս առումով ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը մեծապես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում միջխորհրդարանական համագործակցության ձևաչափում Հայաստանի և Լեհաստանի միջև առկա կապերն էլ ավելի կսերտանան: Այս համատեքստում ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է փոխադարձ այցերի և բարեկամական խմբերի միջև շփումների առավել ակտիվացման, ինչպես նաև միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների կառուցողական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Լեհաստանում հայ համայնքի դերակատարությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այն կարևոր կամուրջ է հայ-լեհական հարաբերություններում: Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ հիշել է, որ դեռևս 2005 թ. Լեհաստանի Սեյմն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում և, ի տարբերություն Ադրբեջանի, ամենևին չի ցանկանում, որ տարածաշրջանը ևս մեկ անգամ հայտնվի պատերազմի մղձավանջի մեջ: «Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի իրականացրած վայրագությունները ցույց տվեցին մարդկային կյանքի հանդեպ այդ երկրի ղեկավարության վերաբերմունքը: Հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքականության հիմնական մասն է: Ստեղծված պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ոչ միայն Արցախի ժողովրդի սոսկ ձգտումն է, այլ հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար եւ անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանը չունի հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական հիմքեր», - ասել է Արա Բաբլոյանը:

Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Ստանիսլավ Կարչևսկին երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու հարցում Հայաստանի Հանրապետության աջակցության համար:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության հնարավոր զարգացմանը՝ տնտեսական, մշակութային, գիտակրթական և այլ ոլորտներում:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ստանիսլավ Կարչևսկուն պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաև ԼՀ Սենատի նիստին: