Արցախի Կարմիր շուկան բազմաբնակարան շենքերով նոր թաղամաս կունենա


Արցախի Կարմիր շուկան բազմաբնակարան շենքերով նոր թաղամաս կունենա
Հոկտեմբեր 17 19:16 2017

Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հին դպրոցի շենքի տեղում Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով բազմաբնակարան 2 շենք է կառուցվում:

 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում շենքերի շինարարությունն իրականացնող «Ռաֆո» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Ալավերդյանն ասել է, որ շինարարության առաջին փուլն արդեն սկսվել է:

«Կատարվում է հին դպրոցի քանդման, տարածքի հարթեցման աշխատանքները, որից հետո սկսելու ենք հիմքերի կառուցումը: Նախագծով նախատեսված է կառուցել 3 և 4 սենյականոց քառահարկ 2 շենք՝ 32 բնակարանով. նախատեսված է նաև նկուղային հարկ: Նոր թաղամասը կունենա կահավորված ու լուսավոր բակ, խաղահրապարակ, զբոսայգի, կանաչ գոտի և ավտոկայանատեղի»,- տեղեկացրել է Կ. Ալավերդյանը:

 

Բնակարանները նախատեսված է տրամադրել հիփոթեքային վարկավորմամբ:

Նշենք, որ Կարմիր շուկան Արցախի ամենախոշոր ու արագ զարգացող համայնքներից է: Վերջին տարիներին համայնքում կառուցվել և շահագործման են հանձնվել համայնքային կենտրոն` կից մշակութային ակումբով և երկհարկանի դպրոց` Կ. Շուկայի և հարևան Թաղավարդ համայնքների երեխաների համար: Լուծված է նաև մշտական խմելու ջրի խնդիրը: