Գեղարքունիքիքում ՀՀԿ-ն պայքարում է ՀՀԿ-ի դեմ


Գեղարքունիքիքում ՀՀԿ-ն պայքարում է ՀՀԿ-ի դեմ
Հոկտեմբեր 17 10:55 2017

Հանրապետության 52 խոշորացված համայնքներում նոյեմբերի 5-ին կանցկացվեն ՏԻՄ՝ համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնցից 3-ում՝ Գորիսում, Շիրակամուտում եւ Արտաշատում տեղի կունենան արտահերթ ընտրություններ:

Armday.am-ը ներկայացնում է Գեղարքունիքի այն համայնքները, որտեղ նախատեսված են ՏԻՄ ընտրություններ: 

5 թեկնածու է առաջադրվել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում: Այստեղ, բացի ՀՀԿ-ի կողմից առաջադրված Շատջրեք համայնքի ՀՀԿ-ական գործող համայնքապետ Զոյա Գեւորգյանից, ինքնաառաջադրվել են Փամբակի գործող ՀՀԿ-ական համայնքապետ Հարություն Ազարյանը, ՀՀԿ-ականներ Հակոբ Ավետյանն ու Արայիկ Մաթյանը եւ ինքնաառաջադրվել է նաեւ Կութ համայնքի գործող համայնքապետ, անկուսակցական Անդրանիկ Հախումյանը: Գեղամասար համայնքում իսկական համայնքապետերի կռիվ է՝ ընդ որում՝ ոչ միայն անկուսակցական ու ՀՀԿ-ական համայնքապետերի միջեւ, այլեւ հենց ՀՀԿ-ականների:

Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքում առաջադրվել են երկու ՀՀԿ-ականներ՝ համայնքի գործող ղեկավար Կարինե Մարտիրոսյանը, որի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն եւ Ռաֆիկ Սաֆարյանը, որն ինքնաառաջադրվել է:

Երկու անկուսակցական ինքնաառաջադրված թեկնածու էլ ունի Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքը: Այստեղ ինքնաառաջադրվել են գործող համայնքապետ Մհեր Մարտոյանն ու նրա տեղակալ Գեղամ Գյուրզոյանը:

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում ՀՀԿ-ն առաջադրել է համայնքի գործող ղեկավար ՀՀԿ-ական Լեւիկ Գրիգորյանի թեկնածությունը, իսկ անկուսակցական Դավիթ Մանուկյանն ինքնաառաջադրվել է:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ՀՀԿ-ն առաջադրել է Ճանբարակի ՀՀԿ-ական քաղաքապետ Յուրիկ Ավալյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել են Թթուջուրի գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Վիգեն Սահակյանն ու անկուսակցական Վազգեն Սահակյանը:

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում էլ ՀՀԿ-ն առաջադրել է Շողակաթի գործող համայնքապետ ՀՀԿ-ական Սուլիկո Շուշանյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել են Դրախտիկ համայնքի անկուսակցական ղեկավար Վալենտին Պետրոսյանն ու ՀՀԿ-ական Աշոտ Կիրակոսյանը:

Առաջադրված 5 թեկնածու ունի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը: Այստեղ իշխող ՀՀԿ-ի թեկնածունն կլինի Վարդենիսի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վոլոդյա Խլոյանը: Ինքնաառաջադրվել են եւս երկու ՀՀԿ-ականներ՝ մարզպետարանի աշխատակից Արամ Հարությունյանն ու Կարեն Մկրտչյանը: Բացի ՀՀԿ-ականներից, Վարդենիսի համայնքի ղեկավարի թեկնածու են ինքնաառաջադրվել նաեւ անկուսակցականներ Պարգեւ Խչեյանն ու Սմբատ Սիմոնյանը: