Ստամբուլի փողոցներից մեկը կկրի հռչակավոր հայ լուսանկարչի անունը


Ստամբուլի փողոցներից մեկը կկրի հռչակավոր հայ լուսանկարչի անունը
Հոկտեմբեր 16 17:22 2017

Ստամբուլի քաղաքապետարանը ընդունել է Բեյօղլու թաղամասում գտնվող Թոսբաղա փողոցը ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով վերանվանելու առաջարկը: Այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը:

Աղբյուրը հայտնում է, որ չնայած նրան, որ սովորաբար քաղաքապետարանը մերժում է փողոցները վերանվանելու առաջարկները, այս անգամ հավանություն է տվել 89-ամյա լուսանկարչի անունով փողոց ունենալու առաջարկին:

Արա Գյուլերը երկար տարիներ ապրել է վերոնշյալ փողոցում, ներկայումս էլ այստեղ է գտնվում լուսանկարչի արվեստանոցը:

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։ «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:
Աղբյուր` Ermenihaber.am