Մեր հասարակության մեջ ցանկացած բանի մեղավորը նաեւ լրագրողներն են. ՀՀԿ-ական


Մեր հասարակության մեջ ցանկացած բանի մեղավորը նաեւ լրագրողներն են. ՀՀԿ-ական
Հոկտեմբեր 16 13:58 2017

Մեր հասարակության մեջ ցանկացած բանի մեղավորը նաեւ լրագրողներն են։ Այս մասին այսօր մամուլի օրվա առթիվ լրագրության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ–ական պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը։

«Մեր հասարակության մեջ ցանկացած բանի մեղավորը նաեւ լրագրողներն են, եւ լավի եւ վատի։ Ցանկացած բանի համար եւ լրագրողներն են մեղավոր, եւ քաղաքական գործիչները, եւ պաշտոնյաները, եւ շարքային քաղաքացիները»,–ասաց նա։

Հարցին, թե սոցիալական ծանր կյանքի, արտագաղթի պարագայում ո՞րն է լրագրողի մեղքը, Եսայանը պատասխանեց. «Բազմաթիվ անգամներ մեղավոր են, որովհետեւ երբ դու լավ բան ես տեսնում ու չես գրում, ընթերցողը չի իմանում էդ լավ բանի մասին, եւ դրանով խորացնում ես գաղջ մթնոլորտը»։

Լրագրողներից մեկի  հակադարձմանը՝ քաղաքացին լրատվամիջոցների՞ց է տեղեկանում, որ Հանրապետականի նախընտրական խոստումներից մի քանի ամիս անց շեշտակի թանկացումներ են արձանագրվել, ՀՀԿ–ի ներեկայացուցիչն արձագանքեց. «Ես ձեզ շնորհավորում եմ Մամուլի օրվա առթիվ։ Մաղթում եմ լավատեսություն»։

Անդրադառնալով լրագրողների նկատմամբ ճնշումներին, բռնություններին, որոնք հիմանականում արձանագրվում են իշխանության ներկայացուցիչների ձեռամբ, նախկին լրագրող Եսայանը փաստեր պահանջեց այդ մարդկանց պատժելու համար. «Եթե ունեք փաստեր, որ էս մարդը չի պատժվել, ասեք՝ գնամ պատժեմ.... Երբ որ լրագրողը սադրում է եւ իրեն առաջ է մղում... չեմ արդարացնում հակառակ կողմին, ես դատապարտում եմ, եւ մշտապես սաստում, որ դատապարտելի է: Իսկապես իմ կրեդոն է, այդպես եմ մտածում, որ չի կարելի լրագրողին, եթե նույնիսկ իրեն ճիշտ չի պահում, բռնի ուժ գործադրել, հայհոյել հարվածել եւ այլն»,–ասաց Մարգարիտ Եսայանը՝ միաժամանակ հավելելով, որ ամեն դեպքում, բոլոր երկրներում էլ անխուսափելի են լրագրող–քաղաքական գործիչ բախումները։



loading...