Քանի փոքրիկ է մահացել ու սպանվել Լոռիում վերջին տարիներին. Armtimes.com


Քանի փոքրիկ է մահացել ու սպանվել Լոռիում վերջին տարիներին. Armtimes.com
Հոկտեմբեր 16 12:50 2017

Լոռու մարզում վերջին տարիներին դժբախտ պատահարների արդյունքում բազմաթիվ անմեղ երեխաներ են զոհվել, որոնց մեծ մասը՝ ծնողների անուշադրության ու անփութության պատճառով, ինչպես նաեւ՝ նրանց անմիջական մասնակցությամբ, ասել է թե, ծնողը սպանել է սեփական երեխաներին, գրում է Armtimes.com-ը։

Տարիներ առաջ Վանաձորի Սանկտ Պետերբուրգ տնակային ավանում մանկահասակ երեխան գետն էր ընկել ու մահացել: Կատարվածում թե՛ հարեւաններն, թե՝ մի շարք կառույցների ներկայացուցիչներ մեղադրեցին երեխայի ընտանիքի անդամներին՝ պնդելով, որ վաղ թե ուշ դեպքը տեղի էր ունենալու: 

Դեռ 2011թ-ին Վանաձորի Բազում թաղամասի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով ծխախեղդ եղան 2 եւ 4 տարեկան քույր ու եղբայրը: Փոքրիկներին ծնողները թողել էին տանը միայնակ ու հեռացել: Հրդեհն առաջացել էր էլեկտրական սալօջախից: Կրակը նկատել էին հարեւանները, ովքեր էլ զանգահարել էին ծնողներին ու փրկարարներին: Ցավոք, փոքրիկները հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացան:

 Միայն նախորդ տարի Լոռու մարզում գրանցվեցին փոքրիկների մահվան մի շարք դեպքեր: «Աղբի գարաժներ» կոչվող տարածքում 4-ամյա փոքրիկը, ով տանը գտնվել էր տատիկի հետ, եռման ջուրը լցրել էր վրան ու 4 օր անց մահացել: Ծնողները 4 օր շարունակ ոչինչ չէին ձեռնարկել այրվածքներով տառապող փոքրիկի ցավը մեղմելու եւ կյանքը փրկելու համար: Փոքրիկը մահացավ բժշկական օգնություն չստանալու պատճառով: Հարուցված քրեական գործը կարճվեց, պատասխանատվության ոչ ոք չենթարկվեց

Ամիսներ անց նույն տարածքից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվեց մահացած փոքրիկի մորաքրոջ տղան, ում առանց դուռ ու պատուհան տնակում հայտնաբերել էր թաղամասի բուժքույրը՝ տնայցի ժամանակ: Մայրը երեք ամսական երեխային թողել էր տանն ու հեռացել էր մի քանի օր երեխային թողնելով կենդանիների ու կրծողների մեջ՝ անօգնական վիճակում: Բժշկուհին երեխային գտել էր ծայրահեղ ծանր, հյուծված, ջրազկված վիճակում: Բարեբախտաբար այս փոքրիկի կյանքը հաջողվել է փրկել, հետագայում նրան տեղափոխել են մանկատուն:

Սպիտակ քաղաքում նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը ցնցեց ողջ հանրապետությունը: Երկու երեխաների մայրը Ամանորի նախաշեմին սեփական ձեռքերով խեղդամահ էր արել իր երկու մանկահասակ երեխաներին, ապա ինքնասպան եղել:

Կինը, ով Լոռու գյուղերից մեկի դպրոցում ուսուցչուհի էր, հաշվառված էր հոգեբուժարանում, միեւնույն ժամանակ, հոգեկան խնդիրներ ունենալով հանդերձ, դպրոցում երեխաներին էր կրթում:

Օրեր առաջ կրկին ողբերգական դեպք գրանցվեց Վանաձորում. բռնկված հրդեհի հետեւանքով մահացավ տանը միայնակ գտնվող 4-ամյա տղա երեխան, ում մայրը թողել էր ավագ եղբոր խնամքին: Եղբայրն էլ փոքրիկին թողել էր քնած ու հեռացել տանից: Երեխան միացրել էր էլեկտրական սալօջախը, ինչի արդյունքում հրդեհ էր բռնկվել: Հրշեջները բնակարանում հայտնաբերել էին 4-ամյա երեխայի դին` այրվածքներով ու ծխախեղդ եղած վիճակում: 

Վերը նշված դեպքերն այսքանով թերեւս չեն սահմանափակվում: Բազմաթիվ դեպքեր էլ գրանցվել են, որոնց մասին այս կամ այն պատճառով հասարակությունը չի իրազեկվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում