Արա Բաբլոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում


Արա Բաբլոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում
Հոկտեմբեր 16 16:20 2017

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ:
Արա Բաբլոյանը, ողջունելով Մայա Գոյկովիչին, կարեւորել է Միջխորհրդարանական միության շրջանակում հանդիպելու հնարավորությունը: ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել երկկողմ հարաբերությունների շարունակական կատարելագործումը՝ հիմք ընդունելով հայ-սերբական բարեկամական հարաբերությունների բազմամյա պատմությունը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ երկխոսության ձեւավորումը, բարեկամական խմբերի փոխայցերը, որոնք կարող են նպաստել Հայաստանի եւ Սերբիայի միջեւ ոչ միայն երկկողմ, այլ նաեւ միջազգային կառույցներում համագործակցության զարգացմանն ու մի շարք հարցերի շուրջ համաձայնեցված աշխատանքին:
Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ Արա Բաբլոյանը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը հայկական կողմը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
«Մեր երկիրը կարեւորում է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը. շփման գծից դիպուկահարների հետքաշումը, պատահարների հետաքննման մեխանիզմների ստեղծումը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ջանքերը»,-ասել է պարոն Բաբլոյանը:
Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նույնպես կարեւորել է երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, տարբեր հարթակներում փոխգործակցությունը:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Մայա Գոյկովիչը փաստել է, որ Սերբիան պաշտպանում է Հայաստանի՝ ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշումը:
Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ կապերի զարգացումը տարբեր ոլորտներում:
Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հրավիրել է Սերբիա:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալի ալ-Ղանիմի հետ:
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Կողմերը փաստել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք եւ երաշխիք է տարբեր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:
Երկու պետությունների օրենսդիր մարմինների ղեկավարները կարեւորել են միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը, միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման վերաբերյալ եւ հույս հայտնել, որ առկա չիրացված ներուժն արդյունավետ կօգտագործվի:



loading...