Տարոն Մարգարյան. «Համոզվա՛ծ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հպարտ է, որ երևանցի է, և բոլորս միասին հպարտ ենք, որ ապրում ենք համայն հայության մայրաքաղաքում»


Տարոն Մարգարյան. «Համոզվա՛ծ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հպարտ է, որ երևանցի է, և բոլորս միասին հպարտ ենք, որ ապրում ենք համայն հայության մայրաքաղաքում»
Հոկտեմբեր 14 15:39 2017

Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց, ովքեր շարունակում են իրենց զգալի ներդրումն ունենալ մայրաքաղաքի ձեռքբերումներում: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Երևանը, որն այսօր աշխարհի դինամիկ զարգացող քաղաքներից մեկն է, առաջ է գնում հաստատուն քայլերով՝ շնորհիվ բոլոր այն մարդկանց, ովքեր անկեղծորեն սիրում են Երևանը:
«Իմ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիս և մեր երևանցիներին մաղթում եմ խաղաղ երկինք ու ջերմ տրամադրություն, որ բոլորս միասին այսօր ի սրտե տոնենք մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրը: Այսօր այստեղ են տարբեր գերատեսչությունների, ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր այս տարիների ընթացքում իրենց նվիրված աշխատանքով իսկապես ծառայել են Երևանին ու երևանցիներին: Մենք ընտրել ենք լավագույններից լավագույններին, ովքեր այսօր կպարգևատրվեն թե՛ ՀՀ Նախագահի, թե՛ ՀՀ ԱԺ նախագահի և թե՛ ՀՀ վարչապետի պետական բարձր պարգևներով: Ներկաներից շատերը կպարգևատրվեն նաև իմ կողմից: Ինչ խոսք, դժվար է ընտրել լավագույններից լավագույններին, բայց այդ դժվարությունը նաև փաստում է, որ Երևան քաղաքի զարգացումը հաջորդ տարիներին լինելու է շարունակական և այդ զարգացման գործում իրենց կարևոր ներդրում ունեցող մեր բոլոր մյուս համաքաղաքացիները ևս անպայման գնահատվելու են մեր կողմից: Համոզվա՛ծ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հպարտ է, որ երևանցի է և բոլորս միասին հպարտ ենք, որ ապրում ենք համայն հայության մայրաքաղաքում: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթելով առողջություն և հաջողություն ձեր ընտանիքներում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Տոնական ընդունելության շրջանակում, տարբեր ոլորտներում բազմամյա գործունեության և վաստակի համար, Երևանի քաղաքապետը տարբեր պարգևներով պարգևատրել է մի շարք անձանց: