Թրամփն իրանական հարցը կթողնի Կոնգրեսին


Թրամփն իրանական հարցը կթողնի Կոնգրեսին
Հոկտեմբեր 13 20:35 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կպատմի Իրանի խնդրի լուծման իր նոր ռազմավարության մասին։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ նա չի հայտարարի միջուկային ծրագրին առնչվող Գործողությունների համատեղ համապափակ պլանից դուրս գալու մասին, սակայն չի էլ հաստատի Թեհրանի կողմից 2015 թվականի պայմանավորվածությունների կատարումը։ Այդ դեպքում Վաշինգտոնի հետագա իրանական ռազմավարության մշակումը կհայտնվի Կոնգրեսի անդամների ձեռքերում, նրանք պետք է 2 ամսում վճռեն Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման հարցը։

ԱՄՆ նախագահը պետք է յուրաքանչյուր 90 օրը մեկ Կոնգրեսին տրամադրի հաշվետվություն այն մասին, թե իրականացնու՞մ է Իրանն արդյոք 2015 թվականի միջազգային գործարքի պայմանները, որը նախատեսում է Թեհրանի կողմից միջուկային ծրագրից հրաժարում՝ միջազգային պատժամիջոցների հանման դիմաց։ Թրամփն արդեն երկու անգամ դա արել է, և այսօր նա հանդես կգա նոր ելույթով, այս անգամ, ինչպես սպասվում է, այն բավականին կոշտ կլինի։