Լևոն Մկրտչյանն ընդունել է Մոհամեդ Կետատային


Լևոն Մկրտչյանն ընդունել է Մոհամեդ Կետատային
Հոկտեմբեր 13 17:10 2017

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Մոհամեդ Կետատային և Երևանում Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնի պատասխանատու Ռուզանա Ղալթախչյանին։
Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթության քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն օտար լեզուների, այդ թվում նաև ֆրանսերենի ուսուցման զարգացումն է: Այս համատեքստում ԿԳ նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծացել է հետաքրքրությունը ֆրանսերենի նկատմամբ: Այդ փաստի մասին են վկայում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը, որը նաև նպաստել է Հայաստանում ֆրանկոֆոն կրթական ցանցի ստեծմանը: Մ.Կետատան հետաքրքրվել է Հայաստանում գործող ֆրանսերենի խորացված ուսուցմամբ տասը դպրոցներում իրականացվող կրթական ծրագրի ընթացքի վերաբերյալ։ Նշելով, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստակամ է ստեղծել հնարավորություններ օտար լեզուների, մասնավորապես ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցի ընդլայնման համար՝ Լ. Մկրտչյանը միաժամանակ կարևորել է ֆրանսիական կողմի հետևողական աջակցությունը Հայաստանի կրթական համակարգին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի և Երևանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ցանցի անդամ հանդիսացող համալսարանների համաժողովի նախապատրաստման աշխատանքներին։