Կարապետյանի Մոնումենտում կառուցվող տունը աղետածին վտանգ պարունակու՞մ է


Կարապետյանի Մոնումենտում կառուցվող տունը աղետածին վտանգ պարունակու՞մ է
Հոկտեմբեր 13 12:37 2017

ՀՀ ԱԺ-ում ընթացող «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանն անդրադառնալով անկախության տարիներին մայրաքաղաքում կատարված քաղաքաշինությանը, այն որակեց հակաէկոլոգիական, որի արդյունքում բարձրացել է աղետների ռիսկը:

«Կենտրոնն այլևս չխտացելու օրենքը մտավ ԱԺ, բայց, չգտեմ ինչու, մնաց, մնաց, մնաց ու հետ գնաց՝ չընդունվեց, բայց օրենքը կարևոր էր, մենք տեսնում ենք, որ նույնիսկ ամենաակտիվ սեյսմիկ գոտում կառուցվել են շինություններ։ Հյուսիսային պողոտան, օրինակ, կարող է օրինակ ծառայել, թե ինչպես չի կարելի սեյսմիկ ակտիվ գոտում նման շենք կառուցել»,- նշեց նա՝ հավելելով, որ կառավարության որոշում կա՝ այդ շենքերն Օպերայից բարձր չպետք է լինեն:

Դանիելյանի խոսքով, եթե Երեւանում աղետ լինի, որոշ դպրոցներից երեխաներին հնարավոր չի լինի տարհանել: «Աղետի դեպքում երեխաներին պետք է տարհանել, բայց հարց է առաջանում՝ ո՞ւր տարհանել։ Չարենցի դպրոցի դիմաց, օրինակ, ընդամենը մի քանի մետր տարածություն կա դպրոցի և կողքի բարձրահարկ շենքի միջև։ Կարծես՝ հատուկ շենքերը կառուցվել են նրա համար, որ աղետի պարագայում քանդվի դպրոցի գլխին», - ասաց Կարինե Դաբիլեյանը։

Վերջինս նաև ընդգծեց, որ վերջին տասնամյակում աղետները կրկնապատկվել են, վերջին եռամսյակում՝ եռապատկվել։ Դանիելյանը բարձրաձայնեց այն մասին, որ հակաէկոլոգիական շքեղ առանձնատները հիմնականում համարվում է մեծահարուստ պաշտոնյաների վիլլանները:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Դանիելյանի մտահոգության ասաց.

«Ես չգիտեմ ով, որտեղ, ինչ ունի, բայց ես խոսեցի ռիսկների կանխարգելման մասին եւ մեր մամուլի գործընկերների կողմից պետք է ստեղծվի անհանդուրժող մթնոլորտ՝ ռիսկի չընկալման վերաբերյալ: Ինձ աջակցեք: Չեմ կարծում, որ ինչ-որ վայրում կա ռիսկային շինարարություն, եւ շարունակվում է այն ընթանալ, կարծում եմ, որ դա մամուլի շահարկումներն է միայն»,- ասաց նախարարը, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե «Մոնումետում» վարչապետի կառուցվող առանձնատունն ընդգրկվում է Դանիելյանի մատնանշած հակաէկոլոգիական շինությունների մեջ:

Տոնոյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ այն խնդրին, որ շինարարություն իրականացնելու թույլտվության ոլորտում առկա է նաեւ կոռուպցիոն գործարքներ: Նախարարն էլի օգնության կանչեց լրագրողներին:

«Ոնց կարող է մի ոլորտում, որտեղ կա մեծ ֆինանսական ռիսկեր, չլինի կոռուպցիա, իսկ ո՞վ է ասում, որ չկա»,- նշեց նա:

 



loading...