Վանաձորում երեկ այրված 4-ամյա փոքրիկը ընտանիքի 6-րդ երեխան է, երկրորդ կորուստը. Armtimes.com


Վանաձորում երեկ այրված 4-ամյա փոքրիկը ընտանիքի 6-րդ երեխան է, երկրորդ կորուստը. Armtimes.com
Հոկտեմբեր 13 11:39 2017

Վանաձորում նախօրեին տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. Օր.-ի 109 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` անզգուշությամբ մահ պատճառելը, գրում է Armtimes.com-ը։

Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբեի 12-ին, Աղայան 25 բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով, ննջասենյակում այրվածքներով, մահացած վիճակում հայտնաբերվել էր 4-ամյա տղա երեխայի դի, որը դեպքի պահին տանը միայնակ էր եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Armtimes.com-ին հասած տեղեկություններով` հրդեհը բռնկվել է էլեկտրական սալօջախից, երեխան քնած է եղել, անկողինն սկսել է այրվել, ինչն էլ հանգեցրել է փոքրիկի մահվանը: Մայրը դեպքի պահին տանը չի եղել: Հրդեհը նկատել են հարեւանները:

Փոքրիկի մայրը` Ն. Կարապետյանը, 5 երեխաների մայր է, երեխաներից երկուսը տեւական ժամանակ է, ինչ հանձնված են սկեսրոջ խնամքին, ավագ տղան Երեւանում է աշխատում, Նաիրայի խնամքին մահացած փոքրիկն էր ու 7-րդ դասարանում սովորող տղան: Ամուսինը ազատազրկման է դատապարտված:

Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գեւորգյանը armtimes.com-ի հետ զրւյցում հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը վաղուց է հայտնվել պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Հանձնաժողովի քարտուղարի խոսքով` Ն.Կարապետյանը աշխատասեր կին է, ֆիզիկական ծանր աշխաանքներ է արել երեխաներին պահելու համար: Կնոջ միակ թերությունը կենցաղավարության բացակայությունն է եղել. «Սոցիալապես ոչ ճիշտ վարքագծով ընտանիք է եղել: Կնոջ խնդիրները սկսեցին ամուսնանալուց հետո: Այս կինը չունի կենցաղավարության ու ծնողավարության հմտություններ, ֆիզիկապես առողջ կին է, արել է ամեն ծանր աշխատանք»,-ասաց նա, հիշելով, որ երեխաներից մեկին տարիներ առաջ հյուծված վիճակում տեղափոխել են մանկատուն, որտեղ էլ մահացել է.«Երեխաներից մեկը խեղդվելիս էր եղել գյուղում, հրաշքով էին փրկել: Մյուս երեխային, ով մեկ տարեկան չկար, հյուծված վիճակում տեղափոխեցինք մանկատուն, որտեղ էլ կարճ ժամանակ անց մահացավ»,-վերհիշեց Լեռնուհի Գեւորգյանը: Նշված դեպքերը շուրջ 10 տարվա պատմություն ունեն:

Գեւորգյանի փոխանցմամբ` երեխաներից երկուսը գտնվել են սկեսրոջ խնմաքի տակ, քանի որ մայրը չի կարողացել զբաղվել բոլորի խնամքով.«Մենք ցանկանում էինք, որ բոլոր երեխաներին հանձնեինք տատիկին, բայց սկեսուրն ասեց, որ չի կարողանա 4-ին էլ պահել: Այս փոքրիկին քանիցս ցանկացել ենք տանել մանկատուն, սակայն պարզվել է, որ մայրը, ով շուկայում է աշխատում, դայակ է վարձել, ով զբաղվել է փոքրիկի խնամքով, իսկ երեկվա դեպքը պարզապես դժբախտ պատահար է»,-ասաց նա, մեկ անգամ եւս կրկնելով, որ մայրը երեխաների համար արել է հնաավորը, պարզապես ծնողավարության ու կենցաղավարության պակաս է ունեցել: