Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով․Անատոլի Սիդորով


Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով․Անատոլի Սիդորով
Հոկտեմբեր 12 12:42 2017

Հայաստանում ընթանում են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2017» զորավարժությունները, որոնց մասնակցում է 2500 զինվորական, ներկայացված է 400-ից ավել տեսակի ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 255 թռչող սարք:
Այս մասին այսօր Սպուտնիկ Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Նրա խոսքով՝ Երևանում անցկացվող զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները , զորավարժությունների նպատակն է տարածաշրջանում հնարավոր հակամարտության բռնկումից մինչև դրա կարգավորումն ընկած հնարավոր տարբերակների քննարկումն ու իրականացումը:

«Զորավարժություններին զուգահեռ մենք ուսումնասիրություններ ենք կատարում մի շարք հարցեր հարթելու համար: Խոսքը երկկողմանի օպերատիվ բժշկական օգնություն ցուցաբերելու և այլ հարցերի մասին է»,– ասաց նա՝ նշելով, որ զորավարժություններին ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերից բացի, մասնակցում են ԿԽՄԿ մասնագետներ, որոնք գործում են այն դեպքում, երբ բնակավայրը հայտնվում է ռազմական գործողությունների գոտում, նրանք տարհանում են քաղաքացիական բնակչությանը:

Զորավարժությունները կավարտվեն հոկտեմբերի 13-ին։

Բանախոսը, անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների համագործակցությունը Հայաստանի հակառակորդի հետ, նշեց, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով։

Պատասխանելով ՀԱՊԿ անդամների կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին հարցին՝ Միացյալ շտաբի պետը նշեց, որ եթե ինչ–ինչ պետություններ համագործակցում են ամեն երկիր ունի իր կառույցներն ու ղեկավարները, որոնք խորապես եւ լուրջ գնահատում են դա։
«Գլխավոր խնդիրն է պահպանել բալանսը, իսկ հետագայում կարգավորել հակամարտությունը։ Տարբեր կառույցների տարբեր գործողություններ, հավանաբար, ամեն դեպքում կհանգեցնեն հանգստության եւ խաղաղության։ Թեպետ ես ուսադիրներ եմ կրում, վստահ եմ, որ կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով։ Իսկ սպառազինությունների մասով ասեմ, որ եթե ինչ–որ մեկը մտադիր է զենք ունենալ, նա կձգտի դրան»,– ասաց նա։