«Դե վեր ընգի տեղդ, տո՛», «Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք Ձեզ». Կամո Արեյանի պահվածքը ավագանու նիտում


«Դե վեր ընգի տեղդ, տո՛», «Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք Ձեզ». Կամո Արեյանի պահվածքը ավագանու նիտում
Հոկտեմբեր 11 13:29 2017

Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգային հարցերի մի մասը վերաբերվում էր պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհելուն, իսկ մյուս մասը մի խումբ անձանց բնակարանով ապահովելուն:

Պատվավոր քաղաքացիների կոչում շնորհելու հարցերի վերաբերյալ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները քննադատող ելույթներ ունեցան: Նույն Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անպատվաբեր է դարձել: «Այս կոչումներն արդեն մեր Հանրապետությունում.., բազմաթիվ կոչումներ, մեդալներ եւ այլն, դրանք արդեն արժեզրկվել են, որովհետեւ տրվում են պատեհ, անպատեհ եւ այն մարդկանց կողմից, ովքեր քանդում են մեր քաղաքը, մեր երկիրը: Ես համարում եմ, որ ամոթ է, որ նման վաստակաշատ մարդիկ, այդ թվում նաեւ Ռալֆ Յիրիկյանը, նմանատիպ պարգեւ, նմանատիպ կոչում ստանա Երեւան քաղաքը քանդող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեռքից»,- իր ելույթում նշեց Մարինա Խաչատրյանը:

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին դուր չեկավ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամի ելույթի վերջնամասը եւ տեղից հակադարձեց. «Դե վեր ընգի տեղդ, տո՛... վեր ընգի տեղդ»: Կամո Արեյանին ձայնակցեց նաեւ Հանրապետական խմբակցության մեկ այլ անդամ՝ Նաիրա Նահապետյանը: «Դու ինչ մարդ ես, պետք ա աշխատել իմանաս»,- ասաց Նաիրա Նահապետյանը, որը առավել հայտնի է ՀԷԿ-երի Նաիրա անունով:

Նիստի վերջում դարձյալ ելույթ ունեցավ փոխքաղաքապետ Կամո Արեյանը` ով դիմելով «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչներին ասաց.«Եթե որոշել եք մեր կյանքը դժոխքի վերածել, Աստված Ձեր կյանքն արդեն վերածել է: Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք Ձեզ»:

Armday.am