Հայաստանում և այսպես կոչված հայկական վերնախավում տիրող բարքերը և կարգերը հանրային հարաբերությունները հասցրել են գռեհիկ, սրբապիղծ և գարշելի մեղքերի իրողության


Հայաստանում և այսպես կոչված հայկական վերնախավում տիրող բարքերը և կարգերը հանրային հարաբերությունները հասցրել են գռեհիկ, սրբապիղծ և գարշելի մեղքերի իրողության
Հոկտեմբեր 11 12:43 2017

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Չպայմանավորված համերգի և ցուցահանդեսի տապալման և պայմանավորված վաստակավոր արտիստի, Երևան համայնքից սեփականության իրավունքով բնակարան ստանալու ու «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին»․

Ցավալի է, սակայն փաստ՝ Հայաստանը Սովետական միության փլուզումից հետո քառորդ դար անց դեռ շարունակում է ապրել բոլշևիզմի ու սովետի ամենաանբարո արատներով, որին գումարվել են ֆեոդալիզմին բնորոշ շատ դրսևորումներ ևս: Հայաստանում և այսպես կոչված հայկական վերնախավում տիրող բարքերը և կարգերը հանրային հարաբերությունները հասցրել են գռեհիկ, սրբապիղծ և գարշելի մեղքերի իրողության:

Կազմակերպված ծրագրի ներքո ոչ միայն տեղի է ունենում ազգային միջոցների յուրացում, այլ նաև իրականցվում է ազգային բարոյազրկման արշավ:

Համատարած աղքատության մեջ գտնվող ժողովրդի և պետական պարտքի ահռելի բեռի առկայության պայմաններում նախագահ, վարչապետ, նախարարներ, քաղաքապետեր և այս ամենին գումարած կասկածելի հարստացած միլիարդատերեր, ովքեր Հայկական պետությունից ստացել են միլիոնավոր դոլարների հասնող արտոնություններ, ի ցույց են դնում հարստահարված հայ ազգին իրենց շվայտ և ցոփ կյանքը:

Հարսանիք.
Մոսկվա՝ ադրբեջանցի Թելման Իսմաիլովին պատկանող «Սաֆիսա» ռեստորան, ով Իլհամ Ալիևի մտերիմն է և ջատագովը (տես`https://haqqin.az/news/42327), կազմակերպիչ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյան (որդու հարսանեկան խնջույք): Սամվել Կարապետյանը լինելով միլիարդատեր, գնելով «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերությունը, այն գրավադրել է 160 000 000 դոլարի դիմաց: Այս հարսանիքին մասնակցել է Սերժ Սարգսյանը, անձ ով լինելով Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար, 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանին է զիջել 800 հեկտար հայրենի հող, տվել հարյուրավոր զոհեր և վիրավորներ` համաձայնվել է շարունակել հայրենի հողի առևտուրը Ադրբեջանի հետ: Այս հարսանիքին ներկա են եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով գրեթե ամեն օր իրազեկվում է հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցիների կողմից հայ զինվորի գնդակահարության և հրազենային վիրավորումների մասին և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ լինելով հայ ազգի հոգևոր առաջնորդներից մեկը, գնում է Իլհամ Ալիևի մտերիմ անձին պատկանող ռեստորան և մասնակցում հարսանիքի (տես` http://armlur.am/731704/, http://www.armtimes.com/hy/article/120581):


Կորպորատիվ խնջույքներ`

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքի կազմակերպիչ` «Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյան (կորպորատիվ խնջույք) (տես` http://hetq.am/arm/news/55239/zvartnocy-karox-e-hanvel-yunesko-i-hamashkharhayin-zharangutyan-cankic-lusankarner.html):

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածք. Կազմակերպիչ՝ «Ինգո Արմենիա» ընկերություն սեփականատեր` ՀՀ առողջապահության նախարար, Լևոն Ալթունյան (կորպորատիվ խնջույք) (տես` http://lurer.com/?p=266656&l=am):

Սրա հետ մեկտեղ տեսնում ենք մեկ այլ գարշելի տեսարան` արվեստի և մշակույթի գործիչների, ովքեր պատրաստ են Սերժ Սարգսյանի կեղտոտ և արյունոտ ձեռքերից վերցնել մեդալներ և շքանշաններ` իբրև արվեստի և մշակույթի վաստակավոր գործիչներ, ովքեր պատրաստ են դիմել որբի հացը ուտող և Երևանը քանդող Տարոն Մարգարյանին և խնդրել, որպեսզիսի իրենց նվիրի որբերի և աղքատների համար նախատեսված սոցիալական բնակարանը: Ինչու են արվեստ և մշակույթ ներկայցնող մարդիկ` բալետ պարող, դերասան, երգիչ, հաղորդավար, ռեժիսորը, գրող և նրանց միացած գործարարը ակնկալում ստանալ պարգևներ, կոչումներ և բնակարան այս կեղտոտված, բարոյազուրկ և դավաճան անձանցից: Կարծում ենք պատասխանը պարզ է, նրանք էլ են երազում դառնալ դավաճան նախագահ, կոռումպացված և ավազակ վարչապետ, թալանչի նախարար, որբի հացը գողացող և հոր սպանությունը ուրացող քաղաքապետ: Սա է այսօրվա հայկական դժբախտ իրականությունը: Այս մարդիկ չեն երազում և չեն ցանկանում լինել Կոմիտաս, Թումանյան, Րաֆֆի և Փափազյան: Դա է պատճառը, որ Մշակույթի նախարարության հրահանգով արգելվում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգի նախաձեռնությունը և Թումանյանի թանգարանում «Ստալինյան բռնաճնշումների» մասին Նարինե Թուխիկյանի կողմից կազմակերպված ցուցահանդեսը: Դա է պատճառը, որ հիմնականում արվեստի և մշակույթի գործիչները լռում են:

Ափսոս, որ դեռ հանդուրժում ենք ֆեոդալական դրսևորումներով բոլշեվիզմը և սովետը:
Չպետք է թույլ տալ այս պատկերը՝ 1937-2000-ականներ։

Յուրաքանչյուր մասնագիտության տեր մարդ պետք է հասկանա, որ այս դրսևորումը թակելու է նաև իր դուռը: