Գյուղապետի թեկնածուն գումարներ է յուրացրե՞լ


Գյուղապետի թեկնածուն գումարներ է յուրացրե՞լ
Հոկտեմբեր 11 11:33 2017

Armday.am-ն արդեն հրապարակել էր, որ հոկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզի Շատին համայնքում խոչընդոտվել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը: Հիշեցնենք, որ համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանը, նրա քույրն ու փեսան՝ Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը փորձել էին խլել լրագրողի տեսախցիկն ու նրան փակի տակ պահել հիվանդասենյակներից մեկում: Կատարվածից հետո ՀՀ Գլխավոր դատախազի ցուցումով Վայոց Ձորի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Փայլակ Ֆահրադյանը ճանաչվել է տուժող:

Նախաքննություն կատարելու և դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հանգամանքը դատապարտեցին Մարդու իրավունքների պաշտպանն ու լրագրողական մի շարք կազմակերպություններ:

Armday.am-ը հայտնել էր, որ ներկայացնելու է լրագրողի վրա հարձակված անձանց հովանավորյալներին, ովքեր են նրանք, եւ ինչու բժշկական կենտրոնի տնօրենի գործունեության վերաբերյալ հարցը կարող էր հունից հանել Զոյա Մարտիրոսյանին եւ նրա «ջոկատին»: Ինչպես հայտնի է նոյեմբերի 5-ին հանրապետության 52 խոշորացված համայնքներում նոյեմբերի կանցկացվեն ՏԻՄ՝ համայնքի ղեկավարի ընտրություններ: Համայնքապետի ընտրություններ կկայանան նաեւ Վայոց Ձորի մի շարք միավորված համայնքներում: Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում ՀՀԿ-ն առաջադրել է Շատինի ՀՀԿ-ական գյուղապետ Տիգրան Խուդոյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել են նաեւ երկու ՀՀԿ-ականներ՝ Քարագլուխի գյուղապետ Արթուր Ստեփանյանն ու Մամիկոն Սմբատյանը: Եղեգիսում ինքնաառաջադրվել է նաեւ Արտաբույնքի գործող գյուղապետ, անկուսակցական Արմեն Սեդրակյանը:

Մամիկոն Սբատյանը Շատին համայնքի նախկին ղեկավարն է: Վերջինս նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում պարտվեց Տիգրան Խուդոյանին: Վերջինիս գործունեությանը կանդրադառնանք առաջիկայում: Armday.am-ին հայտնի է դարձել, որ Խուդոյան Տիգրանը արդեն իսկ ընտրական շտաբեր է բացել եւ հանդիպումներ է ունենում համայնքաբնակների հետ:
Հիմա առաջադրված թեկնածուներից Մամիկոն Սմբատյանի մասին: Վերջինս երկար տարիներ ղեկավարել է Շատին համայնքը: Համայնքապետ աշխատելու տարիներին կարողացել է կուտակել դրամական զգալի միջոցներ: Մեզ հայտնի դարձավ, որ Սմբատյան Մամիկոյանը «ֆիկտիվ» կնոջից բաժանվել է, որպեսզի նրա անունով գրանցի համայնքին պատկանող մի շարք հողատարածքներ: Բացի այդ ուշագրավ մեկ այլ տեղեկություն է Armday.am-ին հայտնի դարձել: Նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Մամիկոն Սբատյանը պարտվելով, մինչեւ ընտրված գյուղապետին հանձնում- ընդունում կատարելը (մոտ 15 օր) հասցրել է համայնքին պատկանող հողերն օտարել, եւ ստացված գումարները ոչ թե համայնքի ֆոնդային բյուջե է մուտքագրել, այլ վարչական: Այս կերպ հնարավորություն է ունեցել փոխանցված գումարներն ավելի հեշտ տնօրինել: Այդ միջոցները դարձյալ մուտքագրվել են Սմբատյանի «նախկին» կնոջը պատկանող ԱՁ-ին: 

ՀՀ գլխավոր դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ տեղի ունեցածով իրավապահ մարմիներն են զբաղվում:

Շարունակելի...

Armday.am