Ստամբուլում ոստիկանությունը միջամտել է ուսանողական միջոցառմանը. կա 67 ձերբակալված


Ստամբուլում ոստիկանությունը միջամտել է ուսանողական միջոցառմանը. կա 67 ձերբակալված
Հոկտեմբեր 11 10:00 2017

Թուրքական ոստիկանությունը ուժով արգելել է Ստամբուլի համալսարանի ուսանողների կազմակերպած հիշատակի միջոցառումը: Ուսանողները ցանկացել են հարգանքի տուրք մատուցել 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության իրականացրած պայթյունին զոհ գնացած 109 քաղաքացիների հիշատակին:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ ոստիկանները ուժ են գործադրել իրենց դիմադրություն ցույց տվող ուսանողների նկատմամբ՝ ձերբակալելով ու ոստիկանական բաժանմունքներ տեղափոխելով նրանցից շատերին:
Նշվում է, որ այդ ընթացքում ուսանողների մեկ այլ խումբ էլ համալսարանի գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ իրենց ընկերների ձերբակալության: Ավելի ուշ այս խմբի և ոստիկանության միջև նույնպես բախում է տեղի ունեցել, ինչի արդյունքուն նրանցից շատերը ձերբակալվել են:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ կա 67 ձերբակալված:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ, արհմիությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ 2 խոշոր պայթյուն էր որոտացել: 109 քաղաքացիների մահվան ու հարյուրավոր քաղաքացիների վիրավորվելու պատճառ դարձած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Աղբյուր` Ermenihaber.am