Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի անդամներին


Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի անդամներին
Հոկտեմբեր 10 19:10 2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի անդամներին՝ Բյուրոյի նախագահ Մարյո Բրուունի գլխավորությամբ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին և գոհունակությամբ նշելով, որ Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի հերթական նիստն անցկացվում է Երևանում, ընդգծել է վիճակագրական ծառայությունների գործունեության կարևորությունն ու հաջողություններ մաղթել նիստի աշխատանքին, ինչպես նաև Բյուրոյի ջանքերին՝ Եվրոպայի տնտեսական տարածաշրջանում ու ողջ աշխարհում պաշտոնական վիճակագրության հետագա զարգացման գործում։

Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ վիճակագիրների տրամադրած հավաստի տեղեկատվությունից և վիճակագրական վերլուծությունից է մեծապես կախված յուրաքանչյուր հասարակության, տնտեսության, անգամ առանձին կազմակերպությունների առաջընթացը՝ նկատի առնելով, որ այդ աշխատանքն օգնում է ճիշտ գնահատել ընթացիկ զարգացումները, ինչպես նաև մարդկության առջև ծառացած արդի մարտահրավերները:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ակտիվ ներգրավվածությունը միջազգային համագործակցությանը, որի շնորհիվ ծառայությունը հնարավորություն է ունենում ծանոթանալու ոլորտի միջազգային լավագույն փորձին, միասնական, գիտական ու անկախ վիճակագրական մեթոդաբանություններին և համակարգերի ձևավորմանը, ձեռք բերելու նոր գիտելիքներ ու շարունակաբար կատարելագործվելու:

Հանդիպման մասնակիցները ՀՀ նախագահին ներկայացրել են Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի գործունեությունը և կարևորել երևանյան նիստի օրակարգում ներառված հարցերի համատեղ քննարկումներն ու փորձի փոխանակումը: