Սերժ Սարգսյանը լավ ղեկավար է, իսկ վարչապետը կնշանակվի 2018-ի ապրիլին


Սերժ Սարգսյանը լավ ղեկավար է, իսկ վարչապետը կնշանակվի 2018-ի ապրիլին
Հոկտեմբեր 10 17:47 2017

ՀՀ նոր վարչապետի թեկնածությունը կորոշվի 2018 թվականի ապրիլին, այդ պատճառով շտապելու կարիք չկա։ Հոկտեմբերի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին հայտնել է Հայաստանի ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը։

Ինչպես Հայաստանի հանրապետական կուսակցության մյուս պաշտոնատար անձինք, նա եւս կոչ է արել չշտապեցնել իրադարձությունները։ Հարցին, թե ինչպես է նա վերաբերում Սերժ Սարգսյանին, նա պատասխանել է, որ գնահատում է նրա կառավարման գիտելիքներն ու փորձը․ «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը շատ խելացի քաղաքական գործիչ եւ ղեկավար է՝ կառավարման բազմամյա փորձով եւ ներքին ու արտաքին հարցերի վերաբերյալ լավ պատկերացումներով։ 2018 թվականի ապրիլին կուսակցությունը որոշում կընդունի»,-նշել է Բաբլոյանը։

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ ներկայիս կառավարության աշխատանքներին, ապա այստեղ, հավելել է խոսնակը, հնարավոր չէ չնկատել մարդկանց բարեկեցությանն ուղղված դրական փոփոխություններ։